կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-24 17:17
Տարածաշրջան

Թուրքիայի արևելյան շրջաններում 1 տարում մարդու իրավունքների 46.292 խախտում է գրանցվել. զեկույց

Թուրքիայի արևելյան շրջաններում 1 տարում մարդու իրավունքների 46.292 խախտում է գրանցվել. զեկույց

Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) 2016 թվականի համար հրապարակել է երկրի արևելյան և հարավարևելյան շրջաններում գրանցված մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` կառույցի Դիարբեքիրի մասնաճյուղի զեկույցը ցույց է տալիս, որ նշյալ շրջաններում 2016-ին խախտումները կտրուկ աճել են` հասնելով 46.292-ի դեպքի:  

Դիարբեքիրի մասնաճյուղի ղեկավար Ռաջի Բիլիջին հայտնել է, որ խախտումները պայմանավորված են եղել շրջաններում տեղի ունեցող բախումներով (քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև) ու արտակարգ դրության շրջանակներում պետության կողմից իրականացվող գործողություններով:

Ըստ զեկույցի` տարվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 1757 հոգի, որից 456-ը `անվտանգության ուժերի ներկայացուցիչ, 816-ը` PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ) անդամ, 451-ը` քաղաքացիական բնակիչ: ՔԲԿ-ի կողմից իրականացված ակտերի արդյունքում զոհվել է 116 քաղաքացիական անձ:

Նշվում է, որ խնդրո առարկա շրջաններում 2016-ին ձերբակալվել է 6860 մարդ, որից 150-ը երեխա է եղել:

216 մարդ կալանավայրում կտտանքների է ենթարկվել:

Զեկույցում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) համանախագահների ու մյուս 9 պատգամավորի ձերբակալությունը, ինչպես նաև քրդական Տարածաշրջանների դեմոկրատական կուսակցության (DBP-ՏԴԿ) ներկայացուցիչների ղեկավարած համայնքների վրա պետական կառավարիչ նշանակելը որակվել է որպես ընտրողների իրավունքների խախտում:

Ըստ Բիլիջիի` արտակարգ իրավիճակի ու բախումների պատճառով շրջաններում պետության կողմից ժամանակ առ ժամանակ պարետային ժամ ու հատուկ անվտանգության գոտի հայտարարելը հանգեցրել է հաղորդակցության, առողջապահության և կրթության իրավունքի խախտումների: