կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 12:00
Քաղաքական

Փոստանջյանի՝ «Ժառանգություն»-ից դուրս գալու հարցը դեռ անորոշ է

Փոստանջյանի՝ «Ժառանգություն»-ից դուրս գալու հարցը դեռ անորոշ է

«Ժառանգություն» կուսակցությունում խմորումները շարունակվում են: Դրա հիմքում այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններն են` առաջիկա ընտրություններին մասնակցելու համատեքստում: Օրեր առաջ «Ժառանգություն»-ը լքեց Անահիտ Բախշյանը: Զարուհի Փոստանջյանն էլ չի բացառում իր ճանապարհի տարանջատումը, եթե «Ժառանգություն»-ը որոշում կայացնի միավորվել «Համախմբում» կուսակցության հետ, որի առանցքային դեմքերն են Վարդան Օսկանյանն ու պաշտպանոթյան նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է լքել «Ժառանգություն»-ը, պատասխանեց. «Այս պահին նման ինֆորմացիա չունեմ»:

Նա հերքեց այն տեսակետը, թե «Ժառանգության» ներսում խմորումներ են ընթանում: Մարտիրոսյանի խոսքով` սովորական քաղաքական քննարկումներ են տեղի ունենում:

Ինչ վերաբերում է Անահիտ Բախշյանի` «Ժառանգություն»-ից դուրս գալուն, նա նշեց. «Անահիտ Բախշյանի դուրս գալն այլ խնդիր է եղել, եթե նա ցանկանա, թող ասի, եթե չէ` դա նրա որոշելիքն է»:

«Ժառանգությունը» բանակցություններ է վարում «Ելք» դաշինքի, ինչպես նաև «Համախմբում» կուսակցության հետ: Հարցին, թե այս պահի դրությամբ «Ժառանգությունը» կողմնորոշվե՞լ է, թե կոնկրետ որ կողմին է հարելու, Արմեն Մարտիրոսյանը հստակ պատասխան չտվեց:

«Ժառանգությունը» քննարկումներ և հանդիպումներ է անցկացնում բոլորի հետ: «Ժառանգությունը» վաղուց է կողմնորոշվել: Մենք ցանկանում ենք լայն համախմբում, լայն դաշինք: Այս պահին չմեկնաբանեմ, թե ոնց ում հետ կմիավորվի, բայց «Ժառանգությունը» կարող է և' դաշինքով մասնակցել, և' առանձին»,- ասաց նա:

Իսկ Զարուհի Փոստանջյանը չցանկացավ խոսել մեզ հետ: