կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 17:08
Տարածաշրջան

«Ցեղասպանություն» բառն ամենուր օգտագործող անձ եմ. Կարո Փայլանը խոսել է իր դեմ որոշման մասին

«Ցեղասպանություն» բառն ամենուր օգտագործող անձ եմ. Կարո Փայլանը խոսել է իր դեմ որոշման մասին

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի վերաբերյալ մի շարք մեկնաբանություններ է արել «Քարընջա» թերթի հետ զրույցում:

Նշելով, որ Դինքի սպանության ժամանակ համազգային համաձայնություն կար, նա ասել է. «Այսօր ֆեթուլլահականներ կամ Էրգենեքոնականներ կոչվողները, պետության մոտ կանգնող յուրաքանչյուր ոք իր յուրովի հաշվարկն ունի: Սակայն արդյունքում ազգային համաձայնությունը բերեց այս սպանությանը: Բոլորի համատեղ նպատակը մեկն էր՝ խոչընդոտել հայի՝ իր անցյալի հետ առերեսվելուն և համատեղ, հավասար ապագա կառուցելուն»:

Փայլանն անդրադարձել է նաև Դինքի սպանության բացահայտման գործով դատավարությունների ընթացքին: Նրա խոսքով՝ սպանությունից մինչ օրս ընթացող դատավարությունները որևէ «շոշափելի ճշմարտության» չեն հասել:

«Մենք լուրջ պայքար ենք տարել Դինքի դատավարության գործով արդարության հասնելու համար: Եղան ժամանակներ, երբ լիահույս էինք, սակայն կառավարությունն այդ հարցում ճանապարհ չբացեց: Նրանք դատավարությունը դարձրեցին այնպիսին, որ ամեն նիստի՝ անխտիր, դատավարություն էր ընթանում կոնկրետ անձերի նկատմամբ: Սկզբում այդ սպանությունն օգտագործվեց էրգենեքոնականներին ձերբակալելու նպատակով, այժմ էլ այն օգտագործում են՝ բեմադրելու, թե ֆեթուլլահականների գործն է: Մենք շոշափելի ճշմարտության հասնելուն դեռևս մոտ չենք, ինչի համար պետք է ներողություն խնդրենք Հրանտ Դինքից, քանի որ չենք հասել նրա դատավարության գործով արդարության՝ հանուն նրա հիշատակի, ինչի հետևանքով նմանատիպ հանցանքներ են ծնվում»,- նշել է Փայլանը:

Անդրադառնալով Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարության համար իր դեմ կայացված որոշմանը՝ նա ասել է. «Հրանտ Դինքը 1915 թվականը մեկնաբանում էր այսպես. «Իմ ժողովրդի հետ շատ մեծ արհավիրք տեղի ունեցավ: Եկեք՝ նայենք դրան, որպեսզի մեր ինքնությունը բուժվի: Ես տեղի ունեցածները ցեղասպանություն եմ որակում, եկեք դրան անուն տանք և առերեսվենք դրա հետ»: Մեջլիսում իմ ելույթի ընթացքում «ցեղեասպանություն» բառն իմ  ուշադրության կենտրոնում չէր և ինքնաբուխ օգտագործեցի այն: Ասացի՝ «100 տարի առաջ սխալ գործվեց, ընդունվեց Սահմանադրություն միայն թուրքերի համար, և մի շարք ազգեր անտեսվեցին և մենք կորցրինք այդ ազգերին: Այդ ժամանակ հայերը, հույներն ու ասորիները կազմում էին այս երկրի բնակչության 40 տոկոսը, իսկ այսօր կազմում ենք հազարից մեկը: Կատարվածները կոտորածի և ցեղասպանությունների արդյունք են»: Իմ ելույթը կոչ էր, որտեղ ասում էի՝ «100 տարի անց այդ նույն սխալը կանեն, միայն թուրքի համար Սահմանադրություն կկազմեն, քրդերին և մյուս ազգություններին հաշվի չեն առնի և չեն պաշտպանի նրանց իրավունքները՝ կրկնելով նույն սխալը: Եկեք ստեղծենք մի Սահմանադրությունը, որը կներառի բոլորիս իրավունքն ու օրենքը»:

Փայլանը նշել է, որ իր ելույթից միայն «ցեղասպանություն» բառն են ուշադրության արժանացրել: «Ես «ցեղասպանություն» բառն ամենուր, անգամ՝ մեջլիսում օգտագործող անձ եմ: Սակայն այդ բառի վրա այդքան չեմ սևեռվում: Ասացի. «Եկեք միասին տանք դրա անվանումը»: Հիմա էլ եմ նույնը կրկնում, որովհետև նրանք, ում դուք անտեսում եք, չեն ոչնչացնում: 100 տարի առաջ շատ մեծ կորուստ տեղի ունեցավ, թող նույնը չկրկնվի»,- ասել է նա: