Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախումբը հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը գտնվում է մահվան սպառնալիքի դեմ հանդիման, հատկապես՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակարգի քաջալերանքով՝ նրա դեմ հալածանքները սաստկացել են: Այդ կապակցությամբ հանձնախումբը ստորագրահավաք է սկսել:
«Նոր Յառաջ»-ի տեղեկացմամբ՝ հաղորդագրության մեջ նշվել է, որ ԺԴԿ անդամների ձերբակալությունների ալիքից հետո Էրդողանի վարչակարգի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության սանձարձակ հարձակումների հերթը հասել է Կարո Փայլանին:
«Իր կուսակիցներու ձերբակալութեան վաղորդայնին, մինչ ան (Կարօ Փայլան) խորհրդարանին մէջ կը կատարէր անոնց պաշտպանողականը եւ կը յայտնէր ժողովրդավարութեան ի խնդիր պայքարը շարունակելու իր վճռակամութիւնը, իշխող կուսակցութեան քաղաքական պատասխանատուներուն կողմէ ընկերային ցանցերու մէջ շրջանառութեան դրուեցան անոր դէմ ատելութիւն հրահրող տեսանիւթեր, պատգամներ եւ քարոզչութիւն: Իշխող կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան նախագահը խոստովանեցաւ, որ ինք նախաձեռնած եւ շրջանառութեան մէջ դրած է լուսանկարներ, որոնք կը պախարակեն Փայլանը եւ որոնց հետապնդած միակ նպատակը յայտնապէս թուրք ժողովուրդի ազգայնական մէկ հատուածին ատելութիւնը սրելն է՝ հայ երեսփոխանին հանդէպ»,- նշվել է հայտարարության մեջ:
Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախումբը զգուշացրել է, որ այս սպառնալիքները չպետք է թերագնահատել՝ հիշեցնելով Հրանտ Դինքի սպանությունը:
Հայ Դատի հանձնախումբը նաև կոչ է ուղղել Ֆրանսիայի և եվրոպացի քաղաքական դեմքերին, որ լավ գնահատեն վերջին զարգացումները:
«Կը մերժենք, որ 10 տարի առաջ Հրանդ Տինքին վիճակուած ճակատագիրը բաժին իյնայ նաեւ Կարօ Փայլանին: Քաղաքական մեր պատասխանատուներէն եւ ղեկավարներէն կը պահանջենք, որ հրապարակաւ դիրք որոշեն եւ ամէն միջոց գործի լծեն՝ Կարօ Փայլանի ապահովութիւնը երաշխաւորելու համար, որպէսզի ան կարենայ Թուրքիոյ խորհրդարանին մէջ շարունակել թուրք ժողովուրդին ներկայացուցիչի իր պաշտօնը՝ ապահով պայմաններու մէջ: Միացէ՛ք ստորագրահաւաքին եւ ստորագրել տուէք ուրիշներուն»,- ասվել է հայտարարության մեջ: