կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 17:34
Հասարակություն

20 օրում՝ 5 մահ. մարզպետը պարզաբանում է հիվանդանոցի տնօրենին ազատելու որոշումը

20 օրում՝ 5 մահ. մարզպետը պարզաբանում է հիվանդանոցի տնօրենին ազատելու որոշումը

Հայտնել ենք, որ երեկվանից դադարեցվել են Կապանի ԲԿ-ի` արդեն նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի լիազորությունները: Օրբելյանը Yerkir.am-ի հետ զրույցում իր ազատումը կապել էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ` նշելով, որ դա մարզպետի որոշումն է:

Yerkir.am-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ասաց` որպեսզի ավելի ճիշտ հնչի, լուծվել է Օրբելյանի պայմանագիրը: Ըստ մարզպետի` Կապանի ԲԿ-ի դեմ հարուցված է քրեական գործ, և առաջին ահազանգը դա է: «20 օրվա ընթացքում  Կապանի ԲԿ-ում արձանագրվել է 5 մահ, 4-ը երեխաներ են: Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրել է բոլոր դեպքերը: Ի հայտ են եկել և' կազմակերպչական, և' բուժանձնակազմի հետ կապված խախտումներ»,- հայտնեց Հակոբյանը:

Մարզպետը նաև հայտնեց երեկոյան ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի մասին` ԲԿ-ի մեկ այլ բժշկի կողմից բռնաբարության փորձ է եղել հիվանդի նկատմամբ, և նշեց, որ զարմանալ պետք չէ, որ ԲԿ-ի տնօրենին հեռացրել են պաշտոնից:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե մարզպետ Հակոբյանն ազատվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից, որոնցից է նաև Սմբատ Օրբելյանը,  Հակոբյանն ասաց, որ Սմբատ Օրբելյանը Սուրիկ Խաչատրյանի կադրը երբեք էլ չի եղել:

Ըստ մարզպետի` ինքը ցանկանում է Սյունիքի մարզի բուժական համակարգում ստեղծել նորմալ, առողջ մթնոլորտ: «Ես դրան հասնելու եմ: Ինձ արդեն հաջողվել է նման փոփոխություններ անել: Հենց հիմա փոփոխություններ արվում են Սիսիանի և Գորիսի հիվանդանոցներում, հենց հիմա նախագահի վերահսկողության վարչությունն է  ուսումնասիրություններ կատարում, և հիմա հերթը հասել է Կապանի հիվանդանոցին»,- հայտնեց նա:

Սմբատ Օրբելյանի հետ հանդիպումից հրաժարվելու հետ կապված էլ մարզպետն ասաց, որ ինքը հանդիպել է Օրբելյանի հետ: «Նրան առաջարկվել է դեմքը փրկելու համար դիմում գրել, սակայն նա հրաժարվել է:  Դրանից հետո ես նրա հետ հանդիպելու  ոչ մի խնդիր և ոչ մի բան չունեի»,- ընդգծեց Հակոբյանը:

Մարզպետի խոսքով` հիմա քաղաքում փորձ է կատարվում տուժողներին գումարով կամ այլ կերպով համոզել, որ նրանք իրենց դիմումները հետ վերցնեն: «Անընդունելի իրավիճակ է ստեղծվել քաղաքում, որը պահանջում է  հանգուցալուծում, ինչն էլ ես արել եմ»,- եզրափակեց Հակոբյանը: