Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով այսօրվա հերթական դատական նիստում ցուցմունք տվեց մանկաբարձ-գինեկոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը։ Նա հայտնեց, որ Մարգարյանը «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Այս գործով ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ են «Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանում նշել, որ Մարգարյանի վիճակը բավարար է, բժիշկը պատասխանեց, որ դրա համար հիմք է հանդիսացել «Շենգավիթ» ԲԿ-ից ուղարկված էպիկրիզը, որում, ըստ նրա, պտղի և նրա վիճակի վերաբերյալ որևէ նշում արված չի եղել:
«Մենք Մերիի բժշկական հետազոտությունները զրոյից ենք սկսել, որովհետև էպիկրիզում բան չկար նշված: Եթե նման հղի է տեղափոխվում, ինչ ախտանիշով էլ լինի, առաջինը պետք է նշվի հղիության և պտղի վիճակի մասին: Իսկ նրանց ուղարկած էպիկրիզում եղել են նշումներ միայն ջերմության առկայության, փսխումի և մեզի անալիզի մասին, որևէ նշում չկար գրեթե մեռնող պտղի մասին»,- ասաց Պողոսյանը:
Նա հաստատեց, որ ծննդկանն իրենց մոտ է տեղափոխվել օրգանիզմի թունավորմամբ և «HELLP» ախտորոշմամբ, բացի այդ` նրա մոտ ի հայտ է եկել երկկողմանի թոքաբորբ: Պողոսյանի խոսքով՝ իրենց հիվանդանոցում շատ արագ հետազոտություններ են իրականացվել, 2 ժամվա ընթացքում տրվել է հիվանդի կլինիկական ախտորոշումը: Ըստ նրա` եթե հիվանդի մոտ ներքին արյունահոսություն լիներ, այդ դեպքում ընդունելուց անմիջապես հետո կտեղափոխեին վիրահատարան, սակայն Մերիի պարագայում իրենք մինչև հետազոտելը չեն իմացել, թե ինչի հետ գործ ունեն:
Գինեկոլոգի խոսքով՝ «HELLP»-ը բուժելի է, սակայն բարդությունների դեպքում 10-25 % մահացության ցուցանիշ կա: «Ոչ ոք Մերի Մարգարյանի մահը չէր ուզում: Եթե մեկ տոկոս հնարավորություն լիներ, նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքից իր ոտքով կգնար ծննդատուն»,- ասաց նա:
Սիրունյանի այն հարցին, թե արդյո՞ք Մերիի երեխան սրտի կանգով չի ծնվել, և արդյո՞ք կարելի է արձանագրել, որ կեսարյան հատման արդյունքում ողջ երեխա չի ծնվել, բժիշկը պատասխանեց. «Ես եմ ստիպել, որ վերակենդանացնեն երեխային: Մենք ստացել ենք ողջ երեխա և 10 րոպե փորձել ենք փրկել նրա կյանքը»: Պողոսյանը բացատրեց, որ եղել են դեպքեր, որ մինչև 10 րոպե ռեանիմացիոն միջոցառումներ են իրականացվել, և արդյունքում` երեխայի մոտ վերականգնվել է շնչառությունն ու սրտի բաբախը:
Հարցաքննության ընթացքում Սիրունյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հետազոտությունների որոշ ժամեր չէր համընկնում հիվանդության պատմության մեջ նշված ժամերին:
Անճշտությունների կապակցությամբ բժիշկն ասաց, որ հնարավոր է տեխնիկական սխալներ են եղել, որոշ գրառումներ հետո են ավելացվել:
Փաստաբանի այն դիտարկմանը, թե «հնարավոր է ամեն ինչ հետո եք գրել հիվանդության պատմության մեջ», Պողոսյանը պատասխանեց. «Երբ հիվանդին ընդունում ենք, չենք մտածում` առաջինն այդ պահին ինչ գրենք, այլ մտածում ենք` ոնց արագ փրկենք նրա կյանքը»:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է 2015-ի հուլիսի 29-ին` հուլիսի 27-ին կատարված կեսարյան հատումից հետո: Նրա մոտ ախտորոշվել էր «HELLP» սինդրոմ (մանկաբարձության մեջ հազվադեպ հանդիպող բարդություն) համախտանիշի թոքաբորբ: Այս գործով ամբաստանյալի աթոռին են «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը: Շուշանիկ Բախշյանի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրված է գրավը, իսկ Անի Բաբելյանի հանդեպ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Շուշանիկ Բախշյանն, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը:
Պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը: