Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը (Ավստրիան 2017թ. հունվարի 1-ից ստանձնում է ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից) ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ-ին, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Վերջինիս խոսքով՝ ԵԱՀԿ տիրույթում ռազմական հակամարտությունները, որոնք դարձել են բազմաթիվ զոհերի, մարդկանց տեղահանության պատճառ, հիմնական մարտահրավերներից են, որոնց այսօր բախվել է Եվրոպան՝ կապված անվտանգության հետ։
«Այդ պատճառով լարվածության նվազեցումը առկա հակամարտություններում Ավստրիայի հիմնական առաջնահերթություններից է ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ։ Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես անձամբ կայցելեմ այդ իրադարձություններից տուժած շրջաններ։ Նախագահությունը կաջակցի առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող ձևաչափերին, ինչպես նաև համանախագահների գործունեությանը։
Մենք պարբերաբար ստանում էինք տեղեկություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Մենք մշտական շփում ենք պահպանում կողմերի հետ։ Այդ պատճառով ուշադիր հետևում ենք իրավիճակին և ավելի լավ ենք հասկանում տարբեր դիրքորոշումները։ Մենք ԵԱՀԿ-ի մեր միջազգային գործընկերների հետ վստահ ենք, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով։ Այդ ուղղությամբ աշխատանքը մեր հիմնական առաջնահերթությունն է»,- ասել է Կուրցը։
Նրա խոսքով՝ Ավստրիան միացել է 2016թ. ապրիլի 5-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդունած հայտարարությանը, որտեղ դատապարտվել է ապրիլին շփման գծում էսկալացիան։
«Մենք նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով։ Ես դա բազմիցս կրկնել եմ։ Մենք ցավակցել ենք այդ հակամարտությունից տուժած բոլոր ընտանիքներին։ Ցանկանում եմ նշել, որ հակամարտությունից տառապող բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է առաջնային լինեն։ Այդ մարդիկ մյուսներից ավելի շատ են տառապում։ Մենք հիշում ենք այդ մասին, երբ աշխատում ենք հակամարտության կարգավորման ուղիների վրա։
Ավստրիայի նախագահությունը ամբողջությամբ գիտակցում է իր պատասխանատվությունն ու աջակցում է Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, մտադիր է ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին»,- ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը։
Նրա խոսքով՝ դեսպան Անջեյ Կասպշիկը դառնալու է իր անձնական ներկայացուցիչը, բարձր մակարդակի պլանավորման խումբը շարունակելու է իր աշխատանքը գնդապետ Հանս Լամպալզերի ղեկավարությամբ։
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ապագայում էսկալացիան կանխվի։ Դրան կարելի է հասնել համատեղ աշխատանքով։ Այդ պատճառով մենք մեծ ուշադրություն կհատկացնենք դիվանագիտությանը, ավելի ակտիվ երկխոսությանը և նրան, թե ինչ հերթական քայլեր են ձեռնարկվելու առկա առաջարկների իրականացման համար»,- ասել է Սեբաստիան Կուրցը։