|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին, ով մեր երկրում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» 18-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում:
Հանրապետության Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, ոչ միայն գնահատում են Եվգենի Կիսինի տաղանդն ու վարպետությունը, հրաշալի կատարումները, այլև սիրում են նրան մարդկային հատկանիշների համար, սիրում են՝ որպես հայ ժողովրդի բարեկամի:
Նշելով, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Եվգենի Կիսինի զորակցությունը 1988-ի երկրաշարժի ժամանակ՝ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լեգենդար դաշնակահարին նաև Նյու Յորքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին մասնակցության և բոլոր հայերի սրտերը հուզած՝ Կոմիտասի «Կռունկ»-ի անկրկնելի կատարման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու անվանի արվեստագետին:
Աշխարհահռչակ դաշնակահարն ընդգծել է, որ իր սերն ու պատկառանքը դարավոր մշակույթ և պատմություն ունեցող հայ ժողովրդի նկատմամբ փոխադարձ է, և վստահեցրել է, որ որքան ապրում է ու կա՝ կայցելի Հայաստան: