կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-20 15:37
Հասարակություն

Գուցե կտրուկ եմ, բայց արդարամիտ ու շիտակ իմ դիրքորոշումներում. Աշոտյանն ամփոփեց ՀՊՃՀ ընտրությունները

Գուցե կտրուկ եմ, բայց արդարամիտ ու շիտակ իմ դիրքորոշումներում. Աշոտյանն ամփոփեց ՀՊՃՀ ընտրությունները

Տեղեկացրել էինք, որ պոլիտեխնիկում ռեկտոր է ընտրվել Ոստանիկ Մարուխյանը: Yerkir.am-ը հետաքրքրվեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից (ով նաև բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ է), թե գո՞հ է ընտրությունների անցկացման ընթացքից և արդյունքներից: Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ,  որպես լիազոր մարմնի ղեկավար` իրենց ուշադրության կենտրոնում էր գործընթացի օրինականությունը: Աշոտյանը նշեց, որ բուհի ռեկտորի ընտրության գործընթացը իրականացվել է լրատվամիջոցների ուշադրության ներքո` բաց նիստի ընթացքում` այդպիսով պահպանելով Հայաստանի օրենսդրության և պոլիտեխնիկի կանոնադրության բոլոր համապատասխան դրույթները:

«Այդ տեսակետից ես շատ գոհ եմ գործընթացի որակից: Ինչ վերաբերում է իմ քվերակությանը, ապա ես չեմ ցանկանում մեկնաբանել դրա արդյունքը, քանի որ դա կարևոր չէ. ավելի կարևոր է, որ բուհի ողջ համակազմը՝ դասախոսները, ուսանողները համապատասխան ներուժով միասին շարունակեն բուհի զարգացման գործընթացը՝ հաշվի առնելով բազմաթիվ մարտահրավերները, վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց նաև, որ իր հերթին ՀՀ ԿԳՆ-ն միշտ կանգնած է հանրապետության բոլոր բուհերի կողքին: Հարցին, թե արդյոք ընտրությունից առաջ իր ելույթն ուղղորդիչ դեր ունեցավ` նախարարը պատասխանեց, թե նիստին հանդես է եկել որպես խորհրդի անդամ և ինչպես մյուսները, ինքն էլ ելույթի իրավունք ուներ: «Ընտրությունների ժամանակ, պոլիտեխնիկի կանոնադրությամբ, խորհրդի բոլոր անդամներն իրավունք ունեն ելույթ ունենալ և բացահայտ հայտնել իրենց տեսակետը: Ես բացահայտ, ուղիղ խոսքով տեսակետ չհայտնեցի` դիվանագիտական հնարքներ օգտագործեցի, շատ ավելի գեղեցիկ դա արեցի: Ես օգտվել եմ իմ հնարավորությունից այնպես, ինչպես օգտվել էին խորհրդի` ելույթ ունեցած 10-ից ավել անդամները: Եթե կարծում եք, որ իմ տեսակետը այնքան հեղինակավոր է, որ կարող էր կողմնորոշել չկողմնորոշված մարդկանց, շնորհակալ եմ»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց նաև, որ չունի անձնական հարցեր կրթական համակարգում, և իր անձնական հարցերը լուծում է կրթական համակարգից դուրս.«Իմ անձնական հարցը ես լուծել եմ, իսկ մնացած բոլոր խնդիրները կապ չունեն անձնական հարցերի հետ: Ես ազատ եմ, քանի որ շաղկապված չեմ ոչ մի բուհի ղեկավարի հետ: Կրկնում եմ` ես ազատ եմ իմ գործողություններում, գուցե կտրուկ եմ, բայց արդարամիտ ու շիտակ` իմ դիրքորոշումներում: Ուրիշ բան է, որ այն կարող է ոմանց դուր գալ, ոմանց դուր չգալ, բայց դա հարցի այլ կողմն է»:

Աշոտյանը հավաստիացրեց, որ  որպես կրթության նախարար` չի զանցել ու երբևէ չի զանցելու իր լիազորությունները ոչ մի հարցում: Նախարարը հիշեցրեց, որ իր հրամանով է Թոքմաջյանը ժամանակին նշանակվել պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իր նախաձեռնությամբ է պոլիտեխնիկի կարգավիճակը ՊՈԱԿ-ից հիմնադրամ փոխվել, իր հրամանով`է պոլիտեխնիկին 4 տարի ժամկետով հավատարմագրում է տրվել.«Երբեք միջանձնայինն ու աշխատանքային հարաբերությունները չեմ խառնել, որովհետև բուհը չի սկսվում և ավարտվում ռեկտորով»: