կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-03 15:02
Հասարակություն

Բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքներում ավարտվել են աշնանային ստուգումները

Բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքներում ավարտվել են աշնանային ստուգումները

ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքներում ավարտվել են 2016թվականի աշնանային ստուգումները:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Սևանա լճի տարածքում «ՄԱՍՏԵՌ 410» մոտորանավակով իրականացրել են ռեյդային հսկողություն, որի արդյունքում հայտնաբերել են ձկնորսական ցանցերի ապօրինի տեղադրման 3 դեպք:

Ընդհանուր առմամբ Սևանա լճի տարբեր հատվածներից հանվել են 18 հատ տարբեր խորշերով պոլիեթիլենային ձկնորսական ցանցեր, որոնցում հայտնաբերվել է 69 հատ «Սիգ» տեսակի ձուկ: Ձկան այդ քանակը ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հանձնվել է Գավառի մանկատուն և Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ:

Որսագործիքները հանձնվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահեստ` համապատասխան հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ոչնչացվելու համար:

«Զանգեզուր»  կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի  «Սոսու պուրակ» պետական արգելավայր մասնաճյուղում իրականացվել են ֆենոլոգիական դիտարկումներ, անտառպաթոլոգիական հետազոտություններ /մկնանման կրծողների առկայության հայտնաբերում/ և ձնահյուսքից ջարդված ծառերի փայտանյութի հաշվառում:

Շարունակվում է վայրի կենդանատեսակների և թռչնատեսակների վրա եղանակային պայմանների ազդեցությամբ պայմանավորված արեալների փոփոխությունների ուսումնասիրությունը:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Դիլիջան քաղաքի բնակչությանը հատկացվել է 346 խմ. քամատապալ ծառերից առաջացած փայտանյութ: Պարկի պահպանության բաժնի աշխատակիցներն իրականացրել են շարունակական անտառպահպանման, ստուգողական աշխատանքներ` ապօրինի ծառահատումների և որսագողության դեմ տարվող պայքարի շրջանակներում:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումների արդյունքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք /ապօրինի 9 ծառահատում/: Կազմվել է անտառխախտման արձանագրություն և վնասի չափը հաշվարկելու նպատակով ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ՀՀ Տավուշի մարզի տարածքային բաժին: