Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած հայտարարությունների համար:
ArmLur.am-ը գրել էր, որ դեռ երեկ Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե:
Բանն այն է, որ դեռ 2021թ.-ի փետրվարի 8-ին՝ «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել:
Այս հայտարարությունների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու եւ բացատրություններ տալու:
Դատարանը վճիռ էր կայացրել՝ պահանջելով Փոստանջյանից հերքմամբ հանդես գալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 507-րդ հոդվածով, այն է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը:
Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ երկրից չհեռանալը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարել իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ դատարանն այնպիսի պահանջ է ներկայացրել, որ կատարելն անհնար է.
«Դատարանը պահանջել է 5000 տպաքանակ ունեցող մամուլում հերքմամբ հանդես գալ, բայց Հայաստանում այդքան տպաքանակ ունեցող թերթ չկա. ես հետաքրքրվել եմ, ինչպե՞ս կատարեմ այս պահանջը»:
Ստացվում է՝ ՔՊ-ին չհաջողվեց ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկել, հիմա փորձում են նրա նկատմամբ իրավական գործընթացներ սկսել:
Ուշագրավ է նաեւ, որ իրավապահ համակարգը հերթական անգամ կողմնակալ մոտեցում է ցուցաբերում.օրինակ, երբ ՔՊ-ական Լենա Նազարյանն է հրաժարվում կատարել դատարանի վճիռը ու ներողություն խնդրել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից նրան վիրավորելու համար, իշխանական պատգամավորը չի պատժվում դատարանի վճիռն արհամարհելու համար, մինչդեռ ընդդիմադիրների դեպքում իրավապահներն անմիջապես պատժամիջոցներ են կիրառում:
Կարող ենք արձանագրել նաեւ, որ հերթական անգամ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: