կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-01 14:18
Տարածաշրջան

Էրդողանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Էրդողանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Նոյեմբերի 30-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  ղեկավարությամբ, կայացել է Ազգային անվտանգության խորհրդի  նիստ: Ըստ թուրքական Etikhaber լրատվամիջոցի` 6 ժամ տևած  նիստի օրակարգում են եղել  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, գյուլենական համայնքի, Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK), ինչպես նաև Սիրիայի  քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության (ԺՄԿ-PYD) ռազմական թևի` «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի (ԺՊՈւ-YPG)-ի հարցերը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում նաև  գյուլենական համայնքի հետևորդներին, ՔԲԿ-ին  և ԺՄԿ-ին:

Նիստի ավարտից հետո հրապարակվել է հռչակագիր, որում մասնավորապես ասվում է, որ  Թուրքիան, կողմ լինելով Սիրիայի «տարածքային ամբողջականությանը», երբեք չի թույլ տա, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվի քրդական միջանցք: Բացի դրանից` անդրադարձ է կատարվել Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում սկսված «Եփրատի վահան» գործողությանը: Նշված է եղել, որ «Եփատի վահան» գործողության հիմնական նպատակներն են  սահմանային անվտանգության ապահովումը, Թուրքիայի դեմ «ագրեսիայի» կանխումը և տարածքը ԻՊ-ի զինյալներից մաքրելը:

Հռչակագրում հիշատակվել է Իրաքում ստեղծված իրավիճակի մասին:  Մասնավորապես` դրա վերաբերյալ ասվել է, որ Թուրքիան սեփական անվտանգությունն ապահովելու համար իրավունք ունի պայքարելու ԻՊ-ի և ՔԲԿ-ի դեմ՝ միաժամանակ «պաշտպանելով Իրաքի  տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, անվտանգությունը, կայունությունը»:

Մտահոգություն է արտահայտվել այն հանգամանքի կապակցությամբ, որ Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո հարակից շրջաններում կարող են առաջանալ ժողովրդագրական պատկերի փոփոխություններ: Այդ առումով` Թուրքիան դեմ է տեղանքում  ժողովրդագրական պատկերի փոփոխություններին: Շեշտվել է, որ, եթե տարածաշրջանում որևէ կերպ խախտվեն  արաբ, քուրդ, թուրքմեն և այլ ժողովուրդների կրոնական, էթնիկ հիմքերը, ապա Թուրքիան կդիմի ուժի կիրառման: