կարևոր
3586 դիտում, 9 ամիս առաջ - 2023-12-09 13:41
Քաղաքական

Մինչ այս պահը շների հարձակման 7000 դեպք է գրանցվել. ՊՈԱԿ-ներն անգործության են մատնված. Գառնիկ Դանիելյան

Այս իշխանություններն առհասարակ աշխատանքներ չեն կատարում թափառող շների խնդիրը լուծելու համար․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը բազմաթիվ ահազանգեր է ստացել թե՛ Երևան քաղաքից և թե՛ մարզերից։ Դիմել է պատկան մարմիններին, սակայն մինչ այս պահը խնդրին լուծում չի տրվել։

«Նախորդ տարվա համեմատ այս տարի կենդանիների հարձակման 7000 դեպք է գրանցվել,հիմնական դեպքերը եղել են հենց Երևան քաղաքում»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ կենդանիների ստերջացմամբ զբաղվող ՊՈԱԿ-ները անգործության են մատնված․ շներին հավաքում են, «բիռկավորում» են և բաց թողնում՝ ավելի կատաղած վիճակում։

«Միլիոնավոր դրամների վատնում է տեղի ունենում, սակայն հասարակությունը տեսնում է, որ խնդիրը չի լուծվում։ Ո՛չ այդ ՊՈԱԿ-ներն են իրենց առաքելությունը կատարում, ո՛չ էլ այդ շների համար կացարաններ են կառուցում»,-ընդգծեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ օրերս 7-ամյա երեխայի վրա Սուրենավանի իրենց տնից դպրոց գնալու ճանապարհին ոհմակով 5 շներ էին հարձակվել, փոքրիկը նրանցից փախել, վայր ընկել ու մահացել էր։ Սրան հաջորդեց Հրազդան քաղաքում շների դաժան սպանդը, մի գիշերվա մեջ մի քանի կրակոցով վերացրել էին տարածքի թափառող շներին։

Մանրամաս տեսանյությում՝