կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-23 16:56
Տարածաշրջան

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցությունները կողմ են Թուրքիայի հետ բանակցությունների սառեցմանը

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցությունները կողմ են Թուրքիայի հետ բանակցությունների սառեցմանը

Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քննարկման է դրվել Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումների և այս երկրի եվրաինտեգրման գոծընթացի դադարեցման հարցը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական Habertürk.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում նախ անդրադարձել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին: Նա նշել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցում երկու կողմերի համար էլ իր բացասական հետևանքները կունենա:

«Թուրքիան և Եվրամիությունը մի շարք կարևոր հարցերում կարող են համագործակցել: Կիպրոսի, Սիրիայի, էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը շատ կարևոր է»,- նշել է Մոգերինին:

ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ Եվրամիությունն, ամեն դեպքում, միշտ պատրաստ է  աջակցել սահմանադրական փոփոխությունների փուլում գտնվող Թուրքիային: Նա նշել է նաև, որ հատկապես ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական հարցի, կովկասյան տարածաշրջանում կայունությանն առնչվող հարցերում  ԵՄ-ն և  Թուրքիան մշտական  երկխոսություն վարելու կարիք ունեն:

ԵԽ-ի ամենամեծ քաղաքական խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) նախագահ Մանֆրեդ Վեբերը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ու Թուրքիան գտնվում են ճամփաբաժանին: Անդրադառնալով վերջին օրերին հաճախակի քննարկվող` Շանհայի հնգյակին Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցին՝ Վեբերը զարմանալի է համարել այն, որ Թուրքիան կարող է ընտրել Չինաստանին ու Ռուսաստանին:

ԵԽ-ի սոցիալ-դեմոկրատական խմբակցության  (S&D) նախագահ Ջաննի Պիտելլան հայտարարել է, որ իրենք դեռ դրական են վերաբերվում Թուրքիայի եվրաինտեգրմանը, սակայն պարտավոր են  քննադատաբար մոտենալ վերջին շրջանի ձերբակալությունների, բանտարկությունների ու աշխատանքից հեռացման դեպքերին:

«Երբեք չէի մտածել, որ սոցիալ-դեմոկրատները մի օր բանակցությունների դադարեցման բանաձևին կարող են «այո» ասել: Սակայն դեպքերի զարգացումները դա են պարտադրում: Ես կողմ եմ սառեցմանը, սակայն` ժամանակավոր կերպով: Երկխոսության հնարավորությունը պետք է պահպանել»,- ասել է նա:

Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ (ECR) խմբակցության նախագահ Սյեդ Քեմալը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է նոր ձևաչափով զարգացնել, և պարտադիր չէ, որ դա լինի ԵՄ անդամակցության ձևով:

Լիբերալ-դեմոկրատական խմբակցության (ALDE)  նախագահ Գույ Ֆերհոֆշթադը կարծիք է հայտնել, որ իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացրած Պուտինը, Թրամփն ու Էրդողանը շրջափակել են Եվրամիությունն ու սպառնում են ԵՄ մոդելին:

Կանաչների կուսակցության համանախագահ Ռեբեկա Հարմսը նշել է, որ  պետք է զարգացնել երկխոսությունը Թուրքիայի հետ և հոգ տանել, որպեսզի այդ երկիրը հավատարիմ մնա ժողովրդավարության սկզբունքներին:

ԵՄ շվեդ անդամ Բոդիլ Վալերոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան գաղթականների խնդիրը օգտագործում է որպես շանտաժի միջոց:

Նիստի ավարտին հայտարարվել է, որ ԵԽ քաղաքական խմբակցությունները ներկայացրել են բանաձևի  6 տարբեր նախագծեր: Դրանք կքննարկվեն և կմիավորվեն մեկ ընդհանուր փաստաթղթի մեջ: Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման նախագիծը քվեարկության կդրվի նոյեմբերի 23-ին: