կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-17 13:02
Քաղաքական

Չենք կարող շրջանցել բանակաշինության, սահմանային իրավիճակների հետ կապված հարցերը. Արցախի և Հայաստանի ՀՅԴ խմբակցությունները հանդիպել են

Չենք կարող շրջանցել բանակաշինության, սահմանային իրավիճակների հետ կապված հարցերը. Արցախի և Հայաստանի ՀՅԴ խմբակցությունները հանդիպել են

ԱՀ և ՀՀ Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցությունները տարեկան նվազագույնը երկու հանդիպում են ունենում թե' Երևանում և թե' Ստեփանակերտում: Հանդիպումների, քննարկումների օրակարգը նախօրոք ճշտված է լինում:  

Երեկ Արցախի ՀՅԴ պատգամավորները ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ում հանդիպեցին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների և դաշնակցական նախարարների հետ:  

Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Yerkir.am-ի հետ խոսելով հանդիպման թեմաների մասին, տեղեկացրեց, որ այս անգամ քննարկման առարկան լինելու են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ:

«Տեղեկատվական փոխանցումներից բացի, մենք կունենանք որոշ օրենքների շուրջ քննարկումներ, հատկապես` այն օրենքների, որոնք ՀՀ-ում վերջերս են ընդունվել»,- ասաց նա, ապա հավելեց, որ այս քննարկումներում պետք է ընդգրկել նաև Արցախի ԱԺ այլ խմբակցությունների անդամների:

Իշխանյանը շեշտեց, որ անդրադառնալու են ՏԻՄ օրենքին, քանի որ Հայաստանում արդեն համայնքների խոշորացումը գործնականորեն իրականացվել է:  «Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո ունենք նոր մոտեցումների անհրաժեշտություն, ինչը սահմանադրական պահանջ է, այս հարցերն էլ ենք քննարկելու»,- հայտնեց նա:

Իշխանյանի խոսքով` իրենք շրջելու են նաև Հայաստանի խոշորացված համայնքներում: «Նախատեսում ենք Հայաստանի տարբեր խոշորացված համայնքներ այցելել` ուղղակիորեն ծանոթանալու և մեզ համար լուսաբանելու այն իրական քայլերը, այն դրական տեղաշարժերը, ինչու չէ` նաև այն բացերը, որոնցից մենք կարող ենք խուսափել, իսկ առավելություններից օգտվել նաև Արցախում»,- ասաց նա:

Իշխանյանը նշեց, որ իրենց մոտ ՏԻՄ համակարգը դեռ կայացած չէ: «Սահմանադրության մեջ «խոշորացում» հասկացությունը մեզ հաջողվեց չներառել, մենք դրա փոխարեն ձևակերպել ենք` այդ մարմինների վերանայման խնդիր: Առաջիկա 3-5 տարիների ընթացքում մենք պետք է որոշակիորեն վերանայենք տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը` նկատի առնելով այն հանգամանքը, որ ՏԻՄ համակարգն Արցախում այդպես էլ չի կայացել»,- ընդգծեց նա:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց` Դաշնակցությունը որտեղ էլ լինի,  նույն նպատակները պետք է հետապնդի և նույն ռազմավարությամբ հանդես գա, ուստի նման հանդիպումներն անհրաժեշտ են:

«Անհրաժեշտություն միշտ առաջանում է,  որպեսզի մենք մեր կատարած և ակնկալվող քայլերի հետ կապված նախնական քննարկումներ կատարենք, դրանք իրար հետ համաձայնեցնենք, որ ընդհանուր ռազմավարությունը պահպանենք: Սա է ընդհանուր նպատակը, բայց կոնկրետ հարցեր են առաջանում` կապված տվյալ պահին քննարկվող օրենքների, նախաձեռնությունների մասով, որոնք մենք իրականացնում ենք»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ  Հայաստան-Արցախ տանդեմը պետք է գնալով ավելի ու ավելի ամրապնդվի: «Հայտնի է անվտանգության հարցերի հետ կապված մեր տեսակետը: Մենք մեկ միասնական համակարգի մեջ ենք, և սա պետք է ոչ թե միայն խոսք լինի, այլ պետք է միս ու արյուն ստանա»,- ասաց նա ապա հավելեց. «Մենք չենք կարող շրջանցել բանակաշինության, սահմանային իրավիճակների հետ կապված հարցերը, մեր անելիքները»:

Պատգամավորն ասաց, որ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն, որպեսզի կարողանանք մեր բանակը զորացնել: Բացի այդ` Ռուստամյանը տեղեկացրեց, որ  նոր նախաձեռնություններ ունեն` կապված պահեստազորի ձևավորման խնդրի հետ: «Ապրիլյան պատերազմից հետո դա գլխավոր հարցն է` եթե մի օր, Աստված մի արասցե, պատերազմական վիճակ առաջանա, մենք պատրաստ ունենանք այն գնդերը, խմբերը, որոնք գիտեն` ինչ անեն, որովհետև ժամանակակից պատերազմը պահանջում է համապատասխան մակարդակի ուսուցում և պատրաստվածություն»,- եզրափակեց նա: