Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Հայաստանում ներկայումս առկա է սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվություն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ ամփոփելով գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացված մշտադիտարկման տվյալները:
Նրա խոսքով՝ հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են երեխաների շրջանում, ինչը պայմանավորված է աշնանային արձակուրդներից հետո մանկական հաստատությունների ուսումնական գործընթացի վերսկսումով և հիվանդությունների օդակաթիլային փոխանցմամբ: Վանյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում այսօր շրջանառվում են Ա տեսակի H3 ենթատեսակը և սուր շնչառական վարակների հարուցիչներ: Իսկ H1N1 տեսակի գրիպի տարածում ներկայումս Հայաստանում չկա:
Գրիպի տարածումից և բարդացումից խուսափելու համար առողջապահության նախարարության պաշտոնյան խորհուրդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ՝ օգտագործելով հակաբիոտիկներ, անհապաղ դիմել բժշկական օգնության, հաճախակի օդափոխել փակ տարածքները՝ հետևելով անձնական հիգիենային, հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի և փռշտոցի վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ:
«Շատ են լինում դեպքեր, երբ տան բոլոր անդամները վարակվում են գրիպով: Դա հիմնականում հիգիենիայի կանոնները չպահելու արդյունք է, երբ օգտվում են նույն սրբիչից կամ համբուրում են երեխային և այլն»,- ասաց մասնագետը՝ խորհուրդ տալով գրիպով հիվանդներին մեկուսացնել, որպեսզի համաճարակը չտարածվի:
«Մարդիկ շատ թեթև են վերաբերվում այս հիվանդությանը՝ կարծելով, թե, թեյ խմելով, կապաքինվեն, մինչդեռ շատ են լինում դեպքեր, երբ հիվանդությունը բարդանում է, և ստիպված դիմում են բժշկին»,- ասաց նա: