Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի ենթատեքստեր պարունակող հետաքրքիր մանրամասներ է հայտնել ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ: Նշելով, որ Հայաստանի հասարակությունը հիասթափվել էր Ռուսաստանի ցուցաբերած վարքագծից՝ նա ասել է. «Հասարակության որոշակի մասը հասկացավ, որ Ռուսաստանը ստիպված է հավասարակշռություն ցուցաբերել, որովհետև հավասարակշռություն չցուցաբերելը կարող էր հանգեցնել շատ ավելի մասշտաբային գործողությունների: Այն, ինչ արել է Ռուսաստանը, հնարավոր է՝ ապրիլին ստեղծված իրավիճակում միակն էր»:
Առաջին անգամն է, որ Հայաստանը պաշտոնապես արդարացնում է այդ օրերին Մոսկվայի դրսևորած վարքագիծը: Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններից երկու օր անց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հայտարարվում էր, թե Երևանը Մինսկի խմբի համանախագահներից և իր դաշնակիցներից (Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է) հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ է ակնկալում: Իսկ ապրիլի 22-ին Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից Սերժ Սարգսյանը փաստացի պարզաբանում էր պահանջում ապրիլյան պատերազմի պատճառների մասին՝ ակնարկելով այդ իրադարձություններում Մոսկվայի պատասխանատվության մասին: Բայց Մոսկվայի վարած այդ շրջանի քաղաքականությունից Երևանի դժգոհության ու հիասթափվածության իրական մասշտաբը բացահայտվեց գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանի արած հետևյալ հայտարարությամբ. «Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի կատարել այնպիսի դեր, ինչպես Թուրքիան Ադրբեջանի համար: Այո՛, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր։ Միևնույն ժամանակ, մենք բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»:
«Sputnik Армения»-ին տված մեկնաբանությունները փաստացի հակասում են այս ապրիլյան դրամատիկ օրերին Երևանի ունեցած դիրքորոշմանը: Հարց է առաջանում՝ ինչու:
Չի բացառվում, որ դա պայմանավորված է 200 մլն դոլարի զինտեխնիկայի մատակարարումները Ռուսաստանի կողմից սկսելու, «Իսկանդեր -է» «ԲՈՒԿ», «Սմերչ» համակարգերն ի վերջո ցուցադրելու հնարավորություն ստանալու հանգամանքով: Բացի դրանից վերջին շրջանում Ռուսաստանն ընդգծված զսպողական ուղերձներ է հղում Ադրբեջանին, մեղմացնում է էներգետիկ ոլորտում Հայաստանի հանդեպ վարվող մենատիրական քաղաքականությունը, որոնք ևս կարող են նպաստել Երևանի դիրքորոշման մեղմացմանը: Այս դեպքում Սարգսյանի մեկնաբանությունը նմանվում է մեխանիկորեն Ռուսաստանի բերած հնարավոր պատճառաբանությունները հանրությանը փոխանցելուն, արդարացնելուն:
Սակայն մեկ էական հանգամանք թույլ է տալիս կարծելու, որ ապրիլյան պատերազմն ընդամենը այսբերգի երևացող հատվածն է եղել, որը թաքցրել է տարածաշրջանային ընդգրկման ավելի վտանգավոր և հեռուն տանող զարգացումներ: Միտքը, որ եթե Ռուսաստանը հենց այդպիսի վարքագիծ չդրսևորեր, կարող էին ավելի մասշտաբային իրադարձություններ լինել, թերևս, ակնարկ է ղարաբաղյան ճակատում ընդհուպ ռուս-թուրքական ռազմական բախման իրատեսականության մասին: Քառօրյա թեժ պատերազմը ծավալվեց ռուս-թուրքական քաղաքական դիմակայության ամենասուր շրջանում: Ապրիլի 22-ին Երևանում Լավրովը չխուսափեց հայտարարել, որ Անկարայի կողմից Ադրբեջանին միակողմանիորեն ու բացահայտ աջակցության ցուցաբերումը լայնամասշտաբ պատերազմի խրախուսում է: Ապրիլյան պատերազմի առաջին երեք օրերին Մոսկվայի կողմից ցուցաբերվող քար լռությունը մեկնաբանվեց որպես ադրբեջանական նախաձեռնությանն աջակցության դրսևորում՝ տարածքների հարցը մեկ հարվածով՝ բլից-կրիգով լուծելու և դրա դիմաց Ադրբեջանին իր արբանկայը դարձնելու, ընդհուպ ԵԱՏՄ ընգրկելու պայմանով: Սակայն, երբ հայկական ուժերը հակահարձակման միջոցով սկսեցին ետ գրավել կորցրած դիրքերը, իսկ Ադրբեջանը սկսեց կիրառության մեջ դնել հնարավոր բոլոր զինատեսակները՝ ընդհուպ «Սմերչ» համակարգը, Ռուսաստանի համար ակնհայտ դարձավ, որ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից մասսայական ոչնչացման զենքերը գործողության մեջ դնելու հանգամանքը լիակատար իրավունք էր վերապահում հայկական կողմին իր հերթին դիմելու համարժեք ու թերևս նաև ոչ համարժեք հարվածների : Նկատի ունենանք, որ այդ պահին արդեն հայկական ԶՈՒ-ի տրամադրության տակ էր «Իսկանդեր Է» համակարգը, իսկ դրա կիրառումը ոչ միայն նշանակելու էր անցում բոլորովին այլ մակարդակի պատերամզի, այլև դրանում ներքաշելու էր Թուրքիային: Իսկ վերջինիս ներքաշումը ինքնստինքյան հանգեցնելու էր Ռուսաստանի ներքաշման՝ ինչպես Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններից ելնելով, այնպես էլ տարածաշրջանը չկորցնելու մղումով: Իսկ այդ դեպքում արցախյան ճակատը հայ-ադրբեջանականից վերածվելու էր ռուս-թուրքականի: Առավելևս, որ խրախուսելով հարցը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի որոշումը՝ Անկարան ինքն էր շահագրգռված Հր. Կովկասում ռուս-թուրքական ուղղակի կամ միջնորդավորված ռազմական առճակատում սկսելու մեջ: Որ Թուրքիայի հետ ռազմական առճակատման հեռանկարը Ռուսաստանն իսկապես կարող էր համարել իրատեսական, վկայում է օրերս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով զեկույցում Եվրահանձնաժողովի կողմից Անկարային ուղղված բացահայտ մեղադրանքն առ այն, որ վերջինս ապրիլյան պատերազմի շրջանում ակտիվորեն օժանդակել է Ադրբեջանին, այսինքն փաստացի եղել է հակամարտության լիիրավ կողմ:
Եթե նման բախում տեղի ունենար, Ռուսաստանը կարող էր ներքաշվել անգամ շատ ավելի լուրջ գլխացավանքի մեջ, քան սիրիական ճգնաժամն էր: Եվ դա նրան բնականաբար, պետք է ստիպեր հայ-ռուսական ռազմական դաշնակցությունն ուրանալով հապճեպորեն անցնել հայկական և ադրբեջանական կողմերի հանդեպ հավասարակշիռ քաղաքականության: Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանի ակնարկն այն մասին է, որ միայն Ռուսաստանի նման քաղաքականությունը կարող էր կանխել տարածաշրջանային պատերազմի բռնկումը: Դա գլոբալ պատերազմի թատերաբեմի, նոր Սիրիայի չվերածվելու տեսնակյունից Երևանն ինքը համարել է չարյաց փոքրագույնը: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Երևանը «ներում է» այդ օրերին Ռուսաստանի կողմից իր նկատմամբ վարվող այդքան «հասկանալի ու միաժամանակ անհասկանալի» թվացող վարքագիծը:
Գևորգ Դարբինյան