կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-16 10:01
Քաղաքական

24 մլն՝ առողջապահության նախարարի «Վարդանանց» բժշկական կենտրոնին. «Հայկական ժամանակ»

24 մլն՝ առողջապահության նախարարի «Վարդանանց» բժշկական կենտրոնին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է.«Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր 134,0 մլն դրամի չափով։ Այս տեղեկությունը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության կայքում։

 Թե ինչպես է բաշխվել այս գումարը, կարելի է ծանոթանալ կառավարության ինտերակտիվ բյուջեից, որտեղ տեղադրված են բոլոր պայմանագրերը։ Համաձայն կնքված պայմանագրերի հավելվածների, այդ 134 միլիոն դրամը բաշխվելու է հետևյալ կերպ` ամենամեծ մասը 24 միլիոնը, բաժին է հասնելու «Վարդանանց» բժշկական կենտրոնին, որը պատկանում է «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում ՍՊԸ-ն հիմնադիրների անվան տեղում գրված են Լևոն Ալթունյան և Միքայելյան Արևշատ անունները։

Մի փոքր ավելի պակաս 23 միլիոն դրամ էլ հատկացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնին, որն էլ իր հերթին պատկանում է «Արմամաքս» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությանը կապվում է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի անվան հետ:

 Խոշոր հատկացումների երրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է առողջապահության կրկին նախկին նախարար Արմեն Մուրադյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան հետ կապ ունեցող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը։ «Իզմիրլյանը» ստացել է 10 միլիոն դրամ։

Նախարարության կողմից ընտրված 25 կազմակերպություններից մյուսները ստացել են անհամեմատ ավելի ցածր գումարներ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։