Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Պալիատիվ բժշկական օգնության ներդնումը Հայաստանում» թեմայով:
Լսումներին մասնակցում էին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ Սրբազանը, կրթության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների, առողջապահական կազմակերպությունների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բժիշկներ:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը կարեւորեց այն օրենքի նախագիծը՝ համաձայն որի պալիատիվ բժշկական օգնությունը կհանդիսանա բժշկական օգնության եւ սպասարկման նոր տեսակ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ ամոքիչ ծառայությունների ոլորտին առնչվող երեք կարեւորագույն հրաման է ստորագրել՝ Պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման ստանդարտները, Պալիատիվ բժշկական օգնության շրջանակներում ցավային համախտանիշի կառավարման նպատակով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի նշանակման կլինիկական ուղեցույցը եւ Պալիատիվ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկի եւ բուժքույրի գործունեության կազմակերպման դրույթները:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, նշեց, որ ամոքիչ բուժօգնությունը բարեկեցիկ հասարակության եւ անհատի արժանապատիվ կյանքի գրավականն է, եւ որ 2014 թվականը պալիատիվ բժշկական օգնության համար նշանակալի է, քանի որ ՄԱԿ-ի համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ընդունել է հռչակագիր, ըստ որի՝ պալիատիվը ճանաչվել է բուժօգնության անբաժան մաս: ՄԱԿ-ը հորդորել է բոլոր երկրներին ուշադրություն դարձնել պալիատիվ բուժօգնությանը՝ մասնավորապես այս բնագավառի օրենսդրական, մասնագիտական եւ կրթական ոլորտներում առկա խնդիրներին: