Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանական Fars պարբերականին հղումով՝ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են հրապարակել, թե Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաջորդ շաբաթ այցելելու է Հայաստան: Հայաստանում Իրանի դեսպանատնից Yerkir.am-ին այսօր հայտնել են, որ դա այդպես է, սակայն` ճշգրտմամբ, որ այցը տեղի կունենա ոչ թե հաջորդ շաբաթ, այլ մինչև այս տարեվերջ: Չնայած կոնկրետ ժամկետի մասով պահպանվող անորոշություններին՝ ակնհայտ է մեկ բան` Թեհրանը կայացրել է այս տարվա ընթացքում Ռոհանիի Հայաստան այցելելու՝ հայկական կողմի համար երկար սպասված քաղաքական որոշումը:
Սա պաշտոնավարման ընթացքում նախագահ Ռոհանիի առաջին այցն է լինելու Հայաստան: Դրա մասին խոսվել է 2013թ. նրա նախագահ ընտրվելուց ի վեր, սակայն անընդհատ հետաձգվել է: Պատճառների մասին թե՛ Թեհրանում և թե՛ Երևանում նախընտրել են լռել: Սակայն պետք է ենթադրել, որ պատճառը հայ-իրանական հարաբերությունների բովանդակությունից իրանական կողմի բավարարված չլինելն է եղել: Եթե Ռոհանին, ի վերջո, որոշել է օգտվել դեռ տարիներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի արած հրավերից և գալ Երևան, նշանակում է՝ Թեհրանում համարում են, որ հարաբերություններում կան գործնական այնպիսի ձեռքբերումներ, որոնք բավարար պատճառ կարող են դառնալ նախագահական այց նախաձեռնելու համար:
Իսկ ձեռքբերումներ իսկապես կան, որոնց մեծ մասը, ի դեպ, արձանագրվել է հենց Ռոհանիի պաշտոնավարման տարիներին և հիմնականում Իրանի նկատմամբ տնտեսական սանկցիաների մեծ մասը հանելու արգասիք են: Այս տարվա հունիսին Իրանը և Հայաստանը գնացին վիզային ռեժիմի երկկողմանի վերացման, ինչը հսկայական հնավորություններ է ստեղծում տուրիզմի, մշակութային փոխառնչությունների զարգացման համար: 2015թ. դեկտեմբերին Երևանում Հայաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարների և «Ռուսական ցանցեր» ընկերության միջև ստորագրեց հուշագիր, որով ձևավորվեց չորս երկրների էլեկտրաէներգետիկ շղթա: Ստեղծվեց տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ «միջանցք», որտեղ Հայաստանին կապող օղակի դեր է վերապահվում: Արդեն հաստատված է, որ մինչև 2018թ. պետք է շահագործման հանձնվի Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը, որը թույլ կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալը հասցնել 1200 ՄՎտ հզորության: Ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ իրանական ընկերությունները մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում հողմակայաններ կառուցելու գործում:
Իսկ նոյեմբերի սկզբին Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և հայկական «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ի միջև նախաստորագրվեց իրանական գազի առքուվաճառքի, Հայաստանի տարածքով գազի տարանցման վերաբերյալ համաձայնագիր, որի հիման վրա Հայաստանը գազ կգնի Իրանից և կվերավաճառի, ամենայն հավանականությամբ, Վրաստանին: Համաձայնագիր, որն անհավանական էր թվում ընդամենը ամիսներ առաջ, և որը մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի առջև` դեպի եվրոպական շուկաներ իրանական գազի տարանցման նախագծերում ներգրավվելու, դրանով իր տարածաշրջանային տնտեսա-քաղաքական նշանակությունը բարձրացնելու և Թուրքիայի, Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը ճեղքելու տեսանկյունից: Այս համաձայնագրով Իրանը, ի դեմս Հայաստանի, կարող է ձեռք բերել դեպի եվրոպական շուկաներ գազի արտահանման ամենակարճ, թուրքական և ադրբեջանական ուղղություններին այլընտրանք հանդիսացող հաղորդուղի:
Թերևս այս վերջին համաձայնությունների ձեռքբերումն է Ռոհանիի այցի որոշման և ժամկետների հստակեցման հիմնական նախադրյալ հանդիսացել: Բայց հարցն այն է, թե արդյո՞ք այն կլինի զուտ արդյունքներ արձանագրող և դրա հիմքի վրա երկու երկրների բարեկամական հարաբերությունները նոր, ավելի բարձր հարթություն տեղափոխելու առումով սիմվոլիկ այց, թե՞ Երևանը փորձելու է դրանից ևս որոշակի դիվիդենդներ քաղել: Սանկցիաների մեծ մասի վերացումից հետո Իրանն ունի արտաքին աշխարհի առջև բացվելու, առևտրային, էներգետիկ ավելի դյուրին հաղորդակցային ուղիներ գտնելու խնդիր, և Հայաստանը կարող է օգտագործել նրա այդ կարիքը, ինչպես նաև իր՝ որպես ԵՏՄ-ի և Իրանի միջև ցամաքային միակ կապող օղակը հանդիսանալու իրողությունը: Բացի դրանից` օրակարգում են Իրան-Հայաստան բավականին թանկարժեք, գուցե տնտեսապես ոչ այնքան արդարացված, բայց քաղաքական առումով անգնահատելի երկաթգծի շինարարության, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը վերջապես սկսելու հարցերը, որոնց համատեքստում կարելի է Իրանից ներդրումների ավելի մեծ փաթեթ ակնկալել:
2013թ. սկսած՝ Իրանի նախագահը չորս անգամ այց է կատարել Ադրբեջան: Իրանը Բաքվի հետ սկսել է կոմունիկացիոն ենթակառուցվածքների ինտեգրման շատ լուրջ նախագծեր: Չնայած երկու կողմերն էլ ստրատեգիական առումով ունեն միմյանց կարիքը, սակայն հարաբերությունները երկար ժամանակ լուրջ, տարածաշրջանային ընդգրկման բովանդակությամբ չէին հագեցվում` մի կողմից Հայաստանի դրսևորած դանդաղկոտության, մյուս կողմից Իրանի՝ ավանդաբար ծանր բանակցող կողմ լինելու պատճառներով: Ռոհանիի առաջիկա այցը կարևոր է նրանով, որ Իրանը, ի վերջո, կհաստատի հարավկովկասյան երկրների ու հատկապես` Ադրբեջանի և Հայաստանի միջև պարիտետային, հավասարակշռված քաղաքականություն վարելու իր դիրքորոշումը:
Մեկ բանով, սակայն, այս այցը մի տեսակ թվում է ուշացած: 2017թ. մայիսին Իրանում կայանալու են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները կանխատեսելի չեն: Թեև Ռոհանիին հաջողվեց իր պաշտոնավարման ընթացքում լուծել Իրանի տնտեսական և քաղաքական մեկուսացումը մեծ չափով վերացնելու հարցը, որը լուրջ խաղաթուղթ է բարեփոխիչ նախագահի ձեռքին, սակայն Իրանում ուժեղանում է նաև պահպանողական-իսլամիստական բևեռը՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի գլխավորությամբ: Սա կարող է ազդել ընտրությունների վրա: Այս իմաստով այցը ընտրություններից ընդամենը վեց ամիս առաջ կազմակերպելու հանգամանքը հնարավոր է խանգարի Երևանին ներկայիս վարչակազմի հետ երկարաժամկետ ծրագրեր պլանավորելիս: Բայց Ռոհանիի այցն այն դեպքն է, երբ կարելի է ասել` լավ է ուշ, քան երբեք:
Գևորգ Դարբինյան