Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետական կուսակցությունում ԱԺ նախագահի թեկնածության հետ կապված որեւէ քննարկում չի եղել եւ որեւէ որոշում չի կայացվել. այսօր այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի իր նախընտրած թեկնածուին, ապա նա նշեց, որ, որպես հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, դրական է վերաբերում շրջանառվող ցանկացած անվան, կուսակցությունն էլ, վստահ է, հաշվի կառնի եւ փորձառությունը, եւ ԱԺ-ում այս տարիներին ձեռք բերած գիտելիքները:
«Պարզ է, որ հաջորդ նախագահը, որին կառաջադրեն, պետք է կարողանա այս նախընտրական ժամանակահատվածում այդ կարեւոր առաքելությունը մինչեւ վերջ տանել, որովհետեւ ԱԺ-ը` որպես ներկայացուցչական մարմին, հերթական ընտրություններում կարող է ունենալ որոշակի դերակատարություն»,- նկատեց նա:
Հարցին` վաղաժամ չէ՞ր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, ՀՀԿ-ական գործիչը պատասխանեց, որ Հանրապետական կուսակցությունը` որպես իշխող քաղաքական ուժ, հերթական ընտրություններին ավելի լուրջ է վերաբերում եւ ունի այն քաղաքական կամքը, որպեսզի ընտրությունները անցկացվեն արդար եւ թափանցիկ, իսկ դրա համար պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք տանել:
«Քանի որ բոլորիս ապագան ուղղակի կախված է ԱԺ հերթական ընտրությունների հետ, ապա, իմ կարծիքով, լրջությունը տեղափոխվում է այդ հարթություն: Եվ եթե մենք հայտարարում ենք, որ հերթական ընտրությունները պետք է անցնեն արդար, թափանցիկ, ապա այս պարագայում, ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ, առավել եւս` Հանրապետականը, պետք է խնդիրը դիտարկի հենց այս տեսանկյունից` կարեւորելով հերթական ընտրութունները եւ նախընտրական շտաբի գործունեությունը»,- պարզաբանեց Սահակյանը` հավելելով, որ ԱԺ-ն իր հերթին, բայց քանի որ ընտրությունները պետք է կազմակերպի հենց նախընտրական շտաբը, ոչ թե ԱԺ-ը, ապա այս պարագայում կարեւոր է հատկապես շտաբի գործունեությունը: