Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ «Գազպրոմ-Արմենիան» դիմելու է ՀԿԾՀ-ին` գազի սակագինը նվազեցնելու համար: Փոփոխություններ են նախատեսվում նաև տնտեսվարող սուբյեկտներին, մասնավորապես` ջերմոցային տնտեսություններին և գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին մատակարարվող գազի սակագներում:
Ըստ ջերմոցային տնտեսությունների ասոցացիայի նախագահ Պողոս Գևորգյանի` եթե դա երկարատև ծրագիր է, ապա շատ դրական ազդեցություն կունենա ջերմոցատերերի համար: yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր ինքը առավոտից շրջել է ջերմատներում, և բոլորը ոգևորված են այս իրադարձությունից:
«Սա արդեն ձեռնտու է: Այն տնտեսվարողները, որոնք 10 000 խորանարդ ծախսում էին` 122 դրամ էր գազի սակագինը, հիմա 20 դրամով նվազելու է»,- նշեց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ դեռ շուտ է խոսել այն մասին` արդյո՞ք գազի սակագնի իջեցումը կխթանի ջերմոցային տնտեսությունների ավելացմանը: «Մենք այդպիսի ծրագիր ունենք, վարչապետին ենք ներկայացնելու: Նախաձեռնող խումբ կձևավորվի և կառաջարկվի, որ մենք մեր կառուցվածքները ունենանք, մեր տեխնոլոգիաները, մեր սերմերն օգտագործենք, տնկանյութերը և զարգացնենք մեր տնտեսությունները, բայց առաջնահերթը գազի գինն է, որ կրկին չբարձրանա: Մենք էլ այնպես կանենք, որ նոր տեխնոլոգիաներ օգտագործենք, որպեսզի գազի օգտագործումը պակասեցնենք»,- նշեց Գևորգյանը:
Ըստ նրա` գազի գնի իջեցումից հետո խնայված գումարն իրենց կօգնի և այդ գումարով նոր տեխնոլոգիաներ ձեռք կբերեն: «Օրինակ` վարագույրներ ձեռք կբերենք, որը ծածկում են ջերմոցի մեջ, ինչն էլ գազի` 20% խնայողություն կբերի: Կարող ենք անցկացնել ջեռուցման նոր համակարգեր, որոնք խնայողաբար են աշխատում, այսինքն` այդ փողը «Գազպրոմին» տալու փոխարեն, տեխնոլոգիաներ ձեռք կբերենք»,- շեշտեց Գևորգյանը:
Նրա կարծիքով` գազի սակագնի իջեցումը առաջին հերթին կարևոր է միջին և փոքր ջերմոցային տնտեսությունների համար, թեև մեծերն էլ իրենց խնդիրները ունեն:
«Սա շատ կարևոր քայլ է` խթանելու ջերմոցային տնտեսությունը, այսօր ծանր վիճակում է այս ոլորտը: Սա կարևոր է միջին և փոքր ջերմոցային տնտեսությունների համար: Չնայած նրան, որ մեծերը նոր տեխնոլոգիաներով հագեցած են, սակայն նրանք էլ նոյեմբերի սկզբին վարկ են վերցնում, մինչև մարտի սկիզբը վարկերի տակ ճկռում են. վարկը վերցնում են գազի փող են փակում, հետո երբ տաքերն ընկնում են, այդ ժամանակ էլ գազ չկա, բայց սկսում են գազի փողի վարկերը փակել»,- ասաց նա:
Ըստ մեր զրուցակցի` գազի սակագնի իջեցումից հետո իրենց համար մյուս կարևոր խնդիրը ներմուծվող նոր տեխնոլոգիաներից հարկերը հանելն է: «Հիմա մեզ համար հարցերից մեկն այն է, որպեսզի ներմուծվող նոր տեխնոլոգիաների վրայից հարկերը հանեն` և’ ԱԱՀ-ն, և’ մաքսային տուրքերը, որպեսզի կարողանանք բերել այդ տեխնոլոգիաները, որովհետև ինչը որ գնում ենք, գնում ենք Եվրոպայից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք այդ 20% իջեցումը բավարարում է ջերմոցային տնտեսվարողներին, Գևորգյանն արձագանքեց. ««На безрыбье и рак рыба», չեղած տեղը սա էլ է բան: Իհարկե, մենք չենք կարող այս իջեցումը համեմատել 2000 թվականի սկզբների հետ, երբ գազիմեկ խորանարդ մետրը արժեր 47 դրամ, այդ ժամանակ չքնաղ էր, այդ ժամանակ սկսվեցին մեծ թվով ջերմոցներ կառուցվել, այսինքն` հասարակ գյուղացին կարող էր ջերմատուն կառուցել` լինելով հանգիստ, որ ինքը վնաս չի կրի»,- ասաց նա:
Վերջում մեր զրուցակիցը նշեց, որ իրենք` ջերմոցային տնտեսվարողները, գոհ են նոր վարչապետից և հավելեց. «Մենք նամակ ենք գրել նոր վարչապետին, անձամբ ես էլ հանդիպել եմ գյուղատնտեսության նոր նախարարի հետ, շատ մեծ տպավորություն է թողել, սպասելիքներ կան»: