կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-01 16:42
Մշակույթ

Վարչապետի արձագանքը տպարանի շենքի պայթեցմանը կզսպի շատերին

Վարչապետի արձագանքը տպարանի շենքի պայթեցմանը կզսպի շատերին

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաշենքի (նախկին թիվ 1 տպարան)  պայթեցման հարցին: Վարչապետը նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում և ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին, և ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Yerkir.am-ի հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ միությունում այսօր քննարկում են անցկացրել, թեև այն նախատեսված էր իրականացնել մինչև շենքի պայթեցումը, ինչի մասին ճարտարապետների միությունը կանխավ հայտարարությամբ էր հանդես եկել: Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ. շենքը պայթեցվեց` մինչև քննարկում կկազմակերպեին և կորոշեին` ինչ ճակատագրի պետք է այն արժանանա:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ապա Մինասյանը նշեց, որ շատ ադեկվատ արձագանք էր:

Հարցին` արդյո՞ք ուշացած չէր այն, և չպե՞տք է համապատասխան միջոցներ ձեռնարկեին` մինչև շենքի պայթեցումը, Մինասյանը պատասխանեց, որ, հավանաբար, վարչապետն էլ, ինչպես բոլորս, կանխավ չի իմացել այդ մասին:

«Մենք էլ չգիտեինք, որ պայթեցնելու են, անգամ` տեղի բնակիչներին չէին զգուշացրել և միայն 2 ժամ առաջ էին հայտարարել կայքերի միջոցով: Վարչապետի արձագանքը տեղին էր, և լավ է այնքանով, որ գոնե արձագանք կա: Ես կասկածում եմ, որ նախորդները որևէ կերպ կանդրադառնային այս խնդրին»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա` վարչապետի արձագանքը կզսպի շատերին, և ինչ-որ քայլ անելուց առաջ արդեն կմտմտան անելիքի մասին:

Հիշեցնենք, որ վարչապետի հայտարարությանը հաջորդեց այն, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել և որոշել, որ տպարանի շենքի պայթեցման աշխատանքներն իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ»-ը կտուգանվի 1 միլիոն դրամով: