կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 20:53
Առանց Կատեգորիա

Վրաստանի ընտրություններում հաղթեց Հայաստանի շահը

Վրաստանի ընտրություններում հաղթեց Հայաստանի շահը

Հոկտեմբերի 30-ին Վրաստանում կայացավ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որի անհրաժեշտությունն առաջացել էր ամսվա սկզբին կայացած ընտրությունների առաջին փուլում ավելի քան 50 միամանդատ ընտրատարածքներում 50 և ավելի տոկոս ստացող թեկնածուներ չլինելու պատճառով: Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները հաղթանակ են տարել 50 ընտրատարածքներից 48-ում: Վրաստանի օրենսդրությամբ` որպեսզի որևէ քաղաքական ուժ կառավարություն ձևավորելու իրավունք ստանա, անհրաժեշտ է, որ ընտրություններով պառլամենտում ձեռք բերի 113 մանդատ: Ընտրությունների առաջին փուլում «Վրացական երազանք»-ին չբավականացրեց 47 մանդատ, որը, փաստորեն, կուսակցությունն ապահովեց երկրորդ փուլում: Դա նրան հնարավորություն տվեց կառավարություն ձևավորելու և պահպանելու իշխանությունը:

Ընտրական գործընթացին հետևած դիտորդական խմբերը, օրինակ` «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ը, որը դիտորդական առաքելություն է իրականացրել երկրի ողջ տարածքն ընդգրկող 197 ընտրատեղամասում, ինչպես նաև «Ժողովրդավարության և ազատ ընտրությունների միջազգային հանրություն»-ը, հայտարարել են, որ թեև քվեարկության ժամանակ արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել և չեն ազդել արդյունքների վրա: «Ժողովրդավարության և ազատ ընտրությունների միջազգային հանրություն»-ը նաև հայտարարել է, որ Վրաստանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական պաշտոնական արդյունքները գրեթե լիովին համապատասխանում են 4 մեծամասնական ընտրատարածքում իրենց կողմից իրականացված այլընտրանքային քվեարկության արդյունքներին:

Այս արձագանքները հաստատում են Վրաստանում անցկացված ընտրությունների և դրանց արդյունքների լեգիտիմությունը, որով փաստարկվում է, որ վրացական իշխանությունները կարողացան հաղթահարել չափազանց կարևոր՝ ընտրական համակարգի կայացման քննությունը: Խնդիրն այն է, որ «Վրացական երազանք»-ն իշխանությունը վերցրել էր նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և նրա ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից դրսևորած՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի հիման վրա: Եվ այս ընտրությունների ամենամեծ ինտրիգն այն էր, թե որքանո՞վ կկարողանա ներքին լուրջ պառակտումներ ունեցած և հանրային վստահության կորուստ արձանագրած «Վրացական երազանք»-ը պահել այդ նշաձողը և իսկապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: Դա նրանց փաստացի հաջողվեց, ինչն, ընդհանուր առմամբ, պետք է ոչ միայն «Վրացական երազանքի» հաղթանակը համարել, այլ նաև ողջ Վրաստանի:

Ինչ-որ իմաստով խորհրդարանական այս ընտրությունները Վրաստանի համար շատ ավելի կարևոր էին, որովհետև այն պետք է ապացուցեր, որ 5 տարի առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների որակը ոչ թե պայմանավորված էր զուտ Սահակաշվիլու գործոնով և եզակի առկայծում էր կամ պատահականություն, այլ որ արդեն իսկ հաստատվող ավանդույթների, խաղի նոր կանոնների հետևանք է, որ նման որակի ընտրությունների անցկացումը վերածվում է օրինաչափության: Այս ընտրությունների արդյունքները «Վրացական երազանք»-ին հնարավորություն են տալիս ձևավորելու կայուն, շատ ավելի ինքնավստահ քաղաքական մեծամասնություն և կառավարություն: Խնդիրն այն է, որ այս անգամ «Վրացական երազանք»-ը ոչ թե հանդես էր գալիս որպես մի քանի ուժերից բաղկացած կոալիցիա, այլ որպես առանձին կուսակցություն: Դա նրան ազատում է այլ քաղաքական ուժերի հանդեպ պարտավորություններից ու կախվածությունից և ներքին ու արտաքին ավելի վստահ քաղաքականություն իրականացնելու հնարավորություն է տալիս՝ առանց ներքին խմորումների, անհամաձայնությունների, պառակտումների ու հրաժարականների լուրջ մտավախության: Խնդիրներ, որոնց անդադար բախվում էր նախկին կոալիցիոն իշխանությունը:

Ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների թիվը չավելացրեց: Ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս խորհրդարանում երեք հայ պատգամավոր կլինի, ինչն, իհարկե, չի համապատասխանում Վրաստանում հասարակական, սոցիալ-մշակութային ոլորտներում հայկական գործոնի իրական ներգրավվածության ու ակտիվության մակարդակին: Խորհրդարանում հայերի համեստ ներկայությունը մինչև հիմա ոչ միայն Հայաստան-Վրաստան հարաբերությունների, այլև ջավախահայության և, առհասարակ, վիրահայության հիմնախնդիրների լուծման վրա էական ազդեցություն երբեք չի ունեցել, և որևէ կասկած չկա, որ չի ունենալու նաև առաջիկա տարիներին: Հայ պատգամավորները, սովորաբար, հարմարվել են վրացական քաղաքական կոնյունկտուրային և գործել քաղաքական թիմերի շահերի ու ծրագրերի, քան հայկական օրակարգի ծիրում:     

Բայց, անկախ դրանից, ընտրությունների այսպիսի արդյունքները շահեկան են Հայաստանի համար: «Վրացական երազանքի»՝ իշխանության գալուց ի վեր Վրաստանն առավելապես վարում է տարածաշրջանային հավասարակշռված քաղաքականություն՝ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ էներգետիկ-կոմունիկացիոն հարաբերությունների սերտացմամբ փորձելով սահմանափակել իր նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ուժեղ ազդեցությունը և դրանով իսկ ուժեղացնել իր ինքնիշխանությունը: Վերջին շրջանում, ոչ առանց վրացական իշխանությունների ակտիվ կամ պասիվ դերակատարության, թե' Աջարիայում և թե' երկրի արևելքում ուժեղ դիմադրություն է սկսվել թուրքական ու ադրբեջանական տնտեսական, դեմոգրաֆիական էքսպանիսայի դեմ: Չնայած ռազմական ոլորտում Անկարայի, Թբիլիսիի և Բաքվի համագործակցության շուրջ զարգացումներին, մինչև հիմա դրանք առավելապես դեկլարատիվ բնույթ են ունեցել, և սա ևս Վրաստանի ներկայիս իշխանությունների զսպվածության արգասիքն է: «Վրացական երազանք»-ն իր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հետաքրքրությունները բավարարելիս ավելի է հաշվի առնում հարևան Հայաստանի շահերը, քան Սահակաշվիլիի վարչակազմը: Եվ սա այն դեպքում, երբ երկու երկրներն ընտրել են բացարձակապես հակադիր արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական ինտեգրացիոն վեկտորներ: Դիվերսիֆիկացման այս ուղեգիծը հանգեցրել է նրան, որ Հայաստանը Իրան-Վրաստան-Ռուսաստան շղթայում վերածվում է կարևոր էներգետիկ-կոմունիկացիոն հանգուցակետի: Այն փաստը, որ «Վրացական երազանք»-ը շատ ավելի լոյալ է տրամադրված Ռուսաստանի հանդեպ և կարծես թե որդեգրել է աբխազական ու հարավօսական խնդիրները կառուցողական հողի վրա կարգավորելու ռազմավարություն, թույլ է տալու Երևանին ավելի համարձակ բարձրացնել վրաց-աբխազական երկաթուղին վերանորոգելու և շահագործելու՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցը: Նույնը վերաբերում է Սամցխե-Ջավախքի ազգային մշակութային ինքնավարության և սոցիալ-տնտեսական հիմնահարցերին, որոնք շարունակում եմ մնալ խնդրահարույց:

Մնում է հուսալ, որ Երևանում իսկապես կփորձեն առավելագույնս օգտվել այս ընտրությունների տված արդյունքներից:

Գևորգ Դարբինյան