կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 15:30
Առանց Կատեգորիա

Ռուբեն Հովսեփյանին այդպես էլ պարտք մնացի… Լիլիթ Գալստյան

Ռուբեն Հովսեփյանին այդպես էլ պարտք մնացի… Լիլիթ Գալստյան

Ծանր, անբառ լռություն է իջել հոգուս… Ռուբեն Հովսեփյանը չկա։ Գրողը, թարգմանիչը, հասարակական-քաղաքական գործիչը, կինոդրամատուրգը, ընկերը…Սրանք բառ-շրջանակներ են, որոնք գրեթե ոչինչ են, եթե չես տեսնում ՄԱՐԴՈՒՆ կամ ավելի շուտ՝ չես ճանաչում նրան։ Ռուբեն Հովսեփյանին տեսնելը հեշտ էր, ափերից դուրս չեկող հանդարտ գետի լռությամբ գրեթե բոլոր կեսօրներին Գրողների միությունից` Մաշտոց պողոտայով տուն էր իջնում։ Ճանաչելն էր դժվար։ Գրեթե քսանհինգ տարի տեսել ու փորձել եմ ճանաչել նրան՝ երբեք չպարտադրող, բայց վավերական Ռուբեն Հովսեփյանին։ Վայելել եմ նրա ընկերությունը, բանաձևի խտությամբ բյուրեղացած խոսքը, տեսնողի ու ճանաչողի նրա իմաստությունը։ Վերջին շրջանում, երբ մոլորվելն այդքան հեշտ էր, դառնանալն անխուսափելի, իսկ ելքերն այնքան անստույգ, միշտ փնտրել եմ նրա հայացք-ներկայությունը։ Խորանի արձագանք ու նահանջի չտանող խաղաղություն եմ կլանել նրանից, ձգտել եմ հասկանալ պարտություն չճանաչող նրա համբերությունն ու ձգտել մոտենալ աշխարհի հունը փոխելու դոնկիշոտյան խիզախումին ժպիտով ու սիրելով նայելու նրա փիլիսոփայությանը:

Ռուբեն Հովսեփյանի մասին շատ եմ մտածել, բայց մտածումս երբեք խոսք չի դարձել։ Հիմա էլ եմ բառերը դժվար գտնում, թեև զգացումս խոսք դարձնելու ձգտումով` իրեն շատ եմ կարդացել ու նայել եմ հատկապես։

Ռուբեն Հովսեփյանին այդպես էլ պարտք մնացի…2009-ին մայրաքաղաքի սրահներից մեկում նրա 70- ամյակն էր նշվում։ Ռուբենն ուզեց, որ ես էլ խոսք ասեի…Առհասարակ դժվար մերժող տեսակս ասեց՝ ոչ….չկարողա, Ռուբենի մասին խոսք ասելու, նրան գնահատելու կամ արժևորելու անհամեստությունը չկարողացա հաղթահարել։ Հետո, տարիներ շարունակ չմարվող պարտքի պես տանջվում էի այդ հիշողությունից։ Այնուամենայնիվ՝ ոչ էի ասել, թեև իրական պատճառը Ռուբենը գիտեր։ Ու ես սպասում էի Ռուբենի 80 ամյակին։ Այնպես էի սպասում, աղոթում էի, կարդում էի, նայում, վայելում նրա ջերմացնող ընկերությունն ու մտքիս մեջ գրում պարտքս։

Երեկ Երևանում հրաժեշտք տվեցին Ռուբեն Հովսեփյանին. … Պարտքս ավելի ծանրացավ, հեռվում եմ, խոսքս՝ կիսատ, պարտքս՝ անկատար։ Ռուբեն Հովսեփյանը տվել էր, ես՝ վերցրել էի…Երևանն հիմա՝ հեռվից առավել քան սիրելի է։ Երևանն անփոխարինելի, գժվելու չափ սիրելի են դարձնում Ռուբեն Հովսեփյանի պես հազվադեպ գոյությունները։ ՈՒ ես պարտք մնացի, միակ բառը, որ կարող եմ ձևակերպել՝ ՎԱՐՊԵՏ-ն է։

Լիլիթ Գալստյան

30.10.2016 Քուվեյթ