Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառանալով մաքսային ծառայության գործելաոճում սպասվող փոփոխություններին, նշեց, որ եթե դրանք կյանքի կոչվեն, անշուշտ, կշահի ժողովուրդը:
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, տեղեկություններ կան, որ, այսպես կոչված, «մաքսային փաթեթները» վերացվելու են։ Խոսքը կիլոգրամով խառը ապրանքներ ներկրելու ընթացքում տարիներ շարունակ գործող համակարգի մասին է։ ՊԵԿ նորանշանակ ղեկավար Վարդան Հարությունյանը նաև պատրաստվում է կառավարությանն առաջարկել, որ մաքսային բրոքերի ծառայությունը պետության կողմից մատուցվի։ Ներկայումս այդ ծառայությունը մատուցում են մասնավոր ընկերություններ։
«Սա առայժմ պարզապես խոսք է, սրա մասին նախկին կառավարությունում էլ է խոսվել, որ մաքսային, այսպես կոչված, փաթեթները պետք է վերացվեն, որ այլևս ընտրյալներ չլինեն, որոնք կարող են բերել ապրանքը և քաշով անցկացնել»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ եթե գաղափարը կյանքի կոչվի, կլինեն ավելի հավասար պայմաններ բոլորի համար` ապրանքներ տանել-բերելու իմաստով:
«Երբ ասվում է, որ բրոքերային ծառայությունների մեջ էլ պետք է լինեն փոփոխություններ, դա էլի բերում է նրան, որ ավելի մատչելի ծառայություններ մատուցվեն: Փաստորեն, մարդը չարչարվում է, գնում, գործընկեր է գտնում, ընդհանուր գումար է ներդնում, իսկ ուրիշը նստած ինչ-որ թղթեր է լրացնում, ձևավորելով ներքին ծանոթություններ, կարողանում է մաքսային խնդիրները լուծել: Հիմա եթե կարողանան ծառայությունն ավելի մատչելի դարձնել հանրության համար, ապա կունենանք բարելավում` ավելի թեթև ռեժիմով իրականացնել ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ մաքսային ծառայության գործելաոճում սպասվող փոփոխությունների մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է: «Դրանք խոսակցություններ են, որոնք առաջին անգամ չենք լսում: Արանքում կան մեծ շահեր և հենց դա է խանգարում, որ կյանքի կոչվեն այդ ծրագրերը: Մարդիկ ստանում են մեծ եկամուտներ: Եթե մաքսային ծառայությունների գործելաոճում փոփոխությունները կյանքի կոչվեն, մարդիկ կհասկանան, որ պետք է զրկվեն մեծ գումարներից: Այլևս չի լինի այդպես, որ եթե դու յուրահատուկ ծանոթություն ունես, ուրեմն քեզ համար ապրանքները մատչելի են, ու խնդիրներ չկան: Եթե ծրագիրը կյանքի կոչվի, հավասար պայմաններ կլինեն»,- ընդգծեց Պողոսյանը:
Ըստ նրա` փոփոխությունների պարագայում կձևավորվի այնպիսի իրավիճակ, որ շատ մարդկանց ոտքեր կտրորվեն, բայց դրա շնորհիվ ժողովուրդը կշահի: «Բայց հարց է՝ կառավարությունն այդ ընտրյալների ոտքերը կտրորի՞, թե՞ ոչ: Եթե այդ պայմանները ձևավորվեն, ուրեմն դրական փոփոխություններ կունենանք, եթե` ոչ, ուրեմն ասեմ, որ առաջին անգամ չէ, որ խոսում ենք դրա մասին, բայց դա պարզապես խոսել է: Շատ երկար սպասելու խնդիր երևի չի լինի, պետք է սպասենք, տեսնենք, թե դա իսկապե՞ս լինելու է, թե՞ ոչ»,- եզրափակեց Պողոսյանը: