Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիներին ծննդօգնության ցուցանիշը ՀՀ-ում անփոփոխ է, նվազում չի նկատվում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Վերաարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի (Հանրապետական ծննդատուն) գլխավոր տնօրեն, Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը: Նա նաեւ հերքեց տարածված տեսակետները, թե իբր երկրում աճել է չբերության ցուցանիշը: Ավելին` Աբրահամյանը տեղեկացրեց, որ, պաշտոնական տվյալներով, չբերության ցուցանիշը նվազել է, եւ որ առաջնային չբերությունը կազմում է 4 տոկոս, իսկ երկրորդականը` 13-14 տոկոս:
Ռազմիկ Աբրահամյանի հետ զրուցել ենք նաեւ արդեն երկու ամիս գործող որոշման մասին, համաձայն որի` ծննդօգնության պետական հավաստագրերը պետք է գործեն տեղայնացման կարգով` վարչատարածքային սկզբունքով. մարզի բնակիչն անվճար ծննդօգնություն կստանա իր մարզում, Երեւանի բնակիչը` Երեւանում:
- Պարո'ն Աբրահամյան, արդեն երկու ամիս է, ինչ որոշում է ընդունվել, որ եթե մարզում ապրող կինը նորմալ հղիություն է տանում, բայց ցանկանում է ծննդաբերել Երեւանում, զրկվում է անվճար սերտիֆիկատից: Այս որոշումից հետո մարզերից Ձեզ այցելող հղիների թվի փոփոխություն նկատե՞լ եք:
- Այս ծրագրի էությունն այն է, որպեսզի նորմալ ընթացքով ծննդաբերությունները մնան մարզերում, որովհետեւ, նախ, մի տեսակյունից իրենց ավելի նպատակահարմար է, մյուս տեսանկյունից էլ, քանի որ պետությունն ամեն մի ծննդաբերությունը ֆինանսավորում է, ուստի պետության կողմից տրամադրվող այդ գումարները մնում են այդ մարզերում: Իհարկե, ծրագիրը շատ տեղին էր` ելնելով մարզերի համաչափ զարգացման քաղաքականությունից, որը վարում է մեր երկրի նախագահը, առողջապահության նախարարությունը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի փոփոխություններ են եղել դրանից հետո, իհարկե, դեռ ամփոփելը վաղ է, սակայն, ըստ առողջապահության նախարարության մոր եւ մանկան վարչությունում ստացած տվյալների, այնտեղ` մարզերում, տեղում ծննդաբերելու աճ կա, ինչն, իհարկե, լավ է: Բայց եթե կինը, թեկուզ նորմալ ծննդաբերող, ինչ-ինչ պատճառներով, որոշակի գանգատներով այցելում է Երեւանի ծննդատներից որեւէ մեկը, միեւնույն է, նրան ընդունում են անվճար, ոչ մի վճարման մասին խոսք լինել չի կարող: Մի կողմից` այս որոշումը կայացվեց, որպեսզի ծնունդները մնան տեղերում, բայց մյուս կողմից էլ` մեր նախարարի հանձնարարականով ոչ մի կնոջ, ոչ մի ծնունդի մերժում չպետք է լինի, որովհետեւ կինը կարող է` ցավերով կամ որոշակի բողոքներով, կա'մ շտապօգնության միջոցով, կա'մ էլ ուղեգրով դիմել Երեւանի որեւէ ծննդատուն: Իսկ ինչ վերաբերում է այս կամ այն հիվանդությամբ տառապող հղիներին եւ ծննդաբերներին, նրանք պարտադիր ուղեգրվում են Երեւանի երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներ:
- Բայց ծննդատան միջանցքներից երեւում է, որ մարզերից բավականին շատ այցելուներ կան:
- Գիտեք, Ձեր այդ շատ ասածը շատ հարաբերական է, որովհետեւ այստեղ ընդունվում են որոշակի խնդիրներով հղիներ: Եթե կինը ուղեգրվում է մարզերից ե'ւ այստեղ ե'ւ Երեւանի մյուս ավելի առաջատար կլինիկաներ, բոլորը ընդունվում են անվճար:
- Եթե կինը նորմալ հղիություն է տանում, մարզից է, բայց, այդուհանդերձ, ցանկություն ունի ծննդաբերել հենց Երեւանում, նա, փաստորեն, անվճար սերտիֆիկատ չի՞ ստանում:
- Եթե կինը ցանկանում է, կինը ընտրել է, եկել հասել է այստեղ` Երեւանի ծննդատուն, եւ նա ծննդաբերելու է, ոչ մի մերժում լինել չի կարող: Նույն այդ ընդունված կանոնակարգման մեջ գրված է, որ եթե այդ պարագաներում ընդունվում է` ծննդաբերությունը պետք է լինի անվճար: Վճարը վերաբերում է նրան, որ եթե պլանային կարգով կինը նախօրոք որոշում է, որ պետք է գնա ծննդաբերի Երեւանի այս կամ այն ծննդօգնության հիմնարկում: Սակայն նորից դիտարկումները ցույց են տվել, որ հազվադեպ է, երբ կինը կամենում է գալ Երեւանում ծննդաբերելու: Ճիշտ է, մենք խոսում ենք ողջ հանրապետության մակարդակով, բայց պետք է նկատել, որ ոչ մի հեռու մարզից ոչ մի նորմալ ծննդաբեր չի ցանկանում կամ հնարավորություն չունի գալ, հասնել Երեւան: Ավելի շատ գալիս են Երեւանի հարակից մարզերից, երբ այս կամ այն չափով աշխարհագրական տեսանկյունից ավելի մոտ են Երեւանի, քան թե իրենց մարզկենտրոնի ծննդատանը:
- Իսկ ո՞րն է պատճառը, որ հղիներն, այդուհանդերձ, անգամ նորմալ հղիություն տանելու դեպքում, ցանկանում են Երեւանում ծննդաբերել, գուցե հոգեբանակա՞ն խնդիր է, կամ մարզերում այդքան էլ լավ չէ սպասարկումը, բժիշկների որակը:
- Գիտեք, դա այդքան էլ այդպես չէ, մենք միշտ ուզում ենք մի վատ բան փնտրել: Այսօր մարզերում մենք ունենք ավելի լավ ծննդօգնության եւ բժշկական հիմնարկներ, քան Երեւան քաղաքում:
-Բոլո՞ր մարզերում:
- Ոչ բոլոր մարզերում: Միայն 2011-2012թթ. վեց մեծ հիմնարկներ արդիականացվել են վերջին մակարդակով: Շուրջ 2 մլն դոլարի չափ կատարվել է հիմնարար վերանորոգում եւ սարքավորումների հագեցում: Դրանք Գավառի, Իջեւանի, Գորիսի, Հրազդանի, Հոկտեմբերյանի ծննդատներն են, բժշկական հիմնարկները: Մենք երանի կտայինք աշխատել այդպիսի բժշկական հիմնարկներում:
- Լավ, բայց փաստ է, որ, այդուհանդերձ, գալիս, հասնում են Երեւան:
- Եթե անգամ հղին եկել է Երեւան, պետք է հասկանալ, թե ինչու են նրան ուղարկել այստեղ: Ամբողջ աշխարհում գոյություն ունեն ծննդօգնության մակարդակներ` առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի: Այսինքն` նորմալ ծննդաբերողները, որոնք իրենցից ռիսկ չեն ներկայացնում, պետք է ծննդաբերեն տեղերում, իսկ ովքեր ռիսկի գոտում են, պետք է ուղեգրվեն ավելի բարձր մակարդակի ծննդատուն: Անկախ տվյալ ծննդատան լավը լինելուց` ծննդօգնությունը սպասարկվում է ըստ մակարդակների:
-Ի՞նչ եք կարծում` այս նոր որոշումն իրեն կարդարացնի:
-Ինչու ոչ:
-Բայց, մեղմ ասած, դրանից տուժում են Երեւանի ծննդատները:
-Դե, եթե մենք տուժենք էլ, մեկ ուրիշը կշահի, ես չեմ նեղվում դրանից (ժպտում է):
Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ