Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում հրատարակվող այն թերթերը, որոնք միայն մասամբ են թուրքերեն, այլևս պետական ու պաշտոնական կառույցների հայտարարություններն ու գովազդները հրապարակելու իրավունք չեն ունենա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ազգային փոքրամասնություններին՝ հայերին, քրդերին, հույներին, հրեաներին պատկանող թերթերին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի թղթակից Այշե Յըլդըրըմը: Նա նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում ընդունված այս որոշումը 1920-ականներին Թուրքիայում սկիզբ առած «Քաղաքացի', թուրքերեն խոսիր» շարժման մի նոր բռնկումն է:
Յըլդըրըմն իր «Քաղաքացի', թուրքերեն գրիր» հոդվածում նշում է, որ Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող թերթերը ևս, փաստորեն, դարձան արտակարգ դրության ռեժիմի զոհը:
«Կա'մ ինձ հետ ես, կա'մ գրողի ծոցը գնա» սկզբունքով մամուլը միատարր դարձնել ցանկացող իշխանությունների վերջին քայլը եղավ պաշտոնական հայտարարությունների և գովազդների նոր կանոնակարգի հռչակումը, որը դեմ է Սահմանադրության հիմնական սկզբունքներին», - գրում է հեղինակը:
Պարզաբանենք, որ նշյալ որոշման շրջանակներում Թուրքիայում լույս տեսնող «Ակոս», «Նոր Մարմարա», «Ժամանակ», «Շալոմ», «Իհո» և այլ հայկական, քրդական, հունական թերթերն այլևս չեն կարող հրապարակել բնակկառավարման վարչության, մամուլում գովազդների գործակալության, տարբեր հասարակական կազմակերպությունների, զանազան հիմնադրամների, ՏԻՄ մարմինների կողմից տրվող հայտարարություններն ու գովազդները:
Որոշումը վերաբերում է նաև անգլերեն լույս տեսնող Hürriyet Daily News, Daily Sabah և այլ նմանատիպ պարբերականներին:
«Իշխանությունները, որ ցանկանում են մեկ հարվածով մի քանի թռչուն սպանել, այսպիսով պաշտոնականացնում են ձուլման քաղաքականությունը», - գրում է Այշե Յըլդըրըմը:
Նշենք, որ Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող թերթերին արգելվել էր պաշտոնական հայտարարություններ հրապարակել դեռևս 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո: Սակայն 2011թ. օգոստոսի 28-ին այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր վերականգնել ոչ թուրքերեն թերթերի այդ իրավունքը: Ազգային փոքրամասնությունների համայնքների և հիմնադրամների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վստահեցրել էր, որ օտարալեզու թերթերի՝ պաշտոնական հայտարարություններ հրապարակելու իրավունքն օրինականացնելու համար օրենսդրական փոփոխություններ կկատարվեն: Սակայն այդ փոփոխությունները այդպես էլ չկատարվեցին: Ընդհակառակը` վերջին որոշմամբ լիովին իրավական հիմքի վրա դրվեց այլալեզու թերթերում պաշտոնական հայտարարություններ և գովազդներ չհրապարակելու միտումը: