կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-13 12:56
Քաղաքական

Տիգրան Ուրիխանյանը ո´չ հերքում, ո´չ էլ հաստատում է Դալլաքյանի հետ միավորվելը

Տիգրան Ուրիխանյանը ո´չ հերքում, ո´չ էլ հաստատում է Դալլաքյանի հետ միավորվելը

«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի հրաժարվի պատգամավորական  մանդատից: Նա հայտարարությամբ է հանդես եկել, որում պարզաբանել է, թե ինչու է «փոշմանել»:

Yerkir.am-ի հետ զրույցում Ուրիխանյանն ասաց, որ որոշ իրավիճակային փոփոխություններ, ինչպես նաև իր բազմաթիվ գործընկերների հորդորը դրդել են իրեն, որ հրաժարվի պատգամավորական մանդատը վայր դնելու մտքից: Նա մեր զրույցի ընթացքում չհամաձայնեց մեր՝ «փոշմանել», «գնալ-վերադառնալ» ձևակերպումների հետ՝ պատճառաբանելով, որ դրանք տեղին չեն, քանի որ իրավիճակն է թելադրում իր գործողությունները:

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ այս մի քանի օրվա ընթացքում ի՞նչ իրավիճակ է փոխվել: Ի պատասխան, նա ասաց, որ չի ցանկանում իր ասելիքը կոնկրետացնել: «Գաղտնիք է»,- ասաց Ուրիխանյանը:

Նրան հիշեցրեցինք, որ հայտարարել է, թե առաջիկայում կմիավորվի ժողովրդավարություն վայելող այնպիսի մի քաղաքական թիմի հետ, որում լուրջ  պոտենցիալի առկայությունը շրջադարձ կբերի հայաստանյան իրականության մեջ: Ուրիխանյանը սրան արձագանքեց հետևալ կերպ. «Այդ թեմայով միակ ասելիքը հետևյալն է` այդ ուժը  պիտի լինի շրջադարձային փոփոխություններ բերելու ունակ, լուրջ և ժողովրդավարություն վայելող, ուրիշ մեկնաբանություն այդ մասով չկա և չի լինելու»:

«Վիկտոր Դալլաքյանի հետ հնարավո՞ր է համագործակցեք» հարցին, Ուրիխանյանը պատասխանեց. «Ուրիշ մեկնաբանություն չունեմ»:

Ճշտմանը՝ չե՞ք հերքում, որ հնարավոր է համագործակցեք, պատգամավորն արձագանքեց. «Ո'չ հերքում եմ, ո'չ չեմ հերքում, ասում եմ, որ մեկնաբանություն չունեմ: Այս պահին չեմ մեկնաբանում: Կմեկնաբանեմ այն ժամանակ, երբ «Ալյանս»-ը կանի համագումարը, որը, կարծում եմ, կլինի մոտ ապագայում»:

Հարցին` ողջունո՞ւմ եք Վիկտոր Դալլաքյանի մուտքը քաղաքականություն, կա՞ր նրա անհրաժեշտությունը քաղաքական իրականության մեջ, Ուրիխանյանը պատասխանեց, որ ժողովուրդը պետք է ողջունի կամ չողջունի ցանկացած ուժի մուտքը կամ ելքը:

Որպես քաղաքական ուժ էլ Ուրիխանյանն իր կարծիքը չարտահայտեց և կրկին մատնացույց արեց ժողովրդին. «Ես այն գործիչներից եմ միշտ եղել, որը թելադրվում է ժողովրդի ցանկությամբ ու պահանջով, նույնիսկ`  էմոցիաներով»:

Դիտարկմանը, թե, փաստորեն, սեփական կամքը չի արտահայտում, Ուրիխանյանը պատասխանեց.  «Ոչ, այս հարցի շուրջ` ոչ: Քաղաքական կոռեկտությունից ելնելով` չեմ արտահայտում»: