կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 17:27
Առանց Կատեգորիա

Դալլաքյանի ''կուրսով''` մի կոնի գումար

Դալլաքյանի ''կուրսով''` մի կոնի գումար

Ազգային ժողովում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարել է, որ Եվրոպական Միության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի վրա հայկական կողմից ծախսվել է 34 մլն դրամ: Անշուշտ, սա զարմանալի թիվ է, մանավանդ, եթե հաշվի առնենք այն ահռելի ու երկարատև աշխատանքը, որ երկուստեք թափվել է համաձայնագիրը գլուխ բերելու վրա: Այդ թվին նույնիսկ դժվար է հավատալ:

 

Վիկտոր Դալլաքյանի «կուրսով»՝ դա ընդամենը մի կոնի (խաղագումարի տեղ) գումար է, և մտածել, որ ընդամենը մի կոնով Հայաստանը, ասել կուզի՝ նրա տասնյակ ու հարյուրավոր տարատեսակ պաշտոնյաները տքնել, չարչարվել են, թռել եվրոպաները, թանկարժեք հյուրանոցներում օրերով իրենց կոտորել են համաձայնագրի վրա, և ամբողջ այդ «պատմական» ժամանակահատվածում մեր բյուջեից ընդամենը մի կոնի գումար է ծախսվել, ուղղակի ծիծաղելի է: Թիվ ասեք՝ հավատանք:

 

Ի դեպ, «ասելու» մասին: Այս թիվը Ազգային ժողովում ասվել է այն ժամանակ, երբ փոխնախարարը պատասխանել է ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի՝ ՀՀ արտաքին պարտքին վերաբերող հարցին: Իսկ այդ համատեքստում թե ինչպե՞ս է տեղավորվել ԵՄ-ի հետ մեր երկրի ասոցացման վերաբերյալ ծախսը, մնում է անհասկանալի: Անհասկանալի, բայց ոչ՝ անբացատրելի: Հպանցիկորեն, հենց այնպես հրապարակ նետելով այդ թիվը՝ իշխանություններն ուզում են փոխած լինել հանրության պատկերացումները 4-5 տարի տևած ասոցացման գործընթացի վրա մեր պետության վատնած ահռելի ջանքերի վերաբերյալ: Ինչպես նաև՝ ծախսերի:

 

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե նույնիսկ այդ թիվն իրական է, դա՛ ևս պատիվ չի բերում մեր իշխանություններին, ի դեմս նրանց՝ նաև մեր պետությանը: Բոլորն էլ հասկանում են, որ եվրաինտեգրման գործընթացն ինչպես որ մյուս, այդպես նաև մեր երկրի համար պիտի արժենար տասնյակ միլիոնավոր եվրոներ, և եթե դրանցից ընդամենը մի յոթանասուն հազարն է ծախսել հայկական կողմը, ուրեմն ծախսերի ահռելի բաժինը, կարելի է ասել՝ ամբողջ ծանրությունը կրել է մյուս կողմը: Իսկ դա այն իրողության ֆոնին, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում, Եվրոպային «քցում» անելու պես մի բան է, ոչ այլ ինչ: Այնպես որ` պարո'ն Սաֆարյան, շատ ավելի արժանապատիվ կլիներ, եթե մենք հարյուրապատիկ ավելին ծախսած լինեինք:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ