Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրղների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ ՏԻՄ ընտրությունների կուլմինացիային՝ Վանաձորի ու Գյումրիի քաղաքապետի ընտրություններին: Բուն ՏԻՄ ընտրությունները, ըստ նրա, առաջինն էին սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք ենթադրում են համակարգային փոփոխություններ: Ըստ Մելիքյանի` ընտրություններն անցան արդար, ժողովրդավար, թափանցիկ, ճնշումներ չեն եղել, ժողովուրդը ձայնը տվել է նրան, ում ցանկացել է:
Պատգամավորը ՏԻՄ ընտրությունների ընթացքը գնահատեց դրական, այլ հարց է, թե հետագա ընթացքն ինչպես բնորոշեցին քաղաքական այլ ուժերը: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ Գյումրիում մանդատները բաշխվեցին ըստ ԸՕ-ի, և օրենքի որևէ խախտում չի եղել, իսկ ինչ վերաբերում է Վանաձորի ընտրություններին, որտեղ ոչ իշխանական ուժերը համաձայնագիր ստորագրեցին քաղաքապետի թեկնածությունը պաշտպանելու մասին, ապա այն մեռելածին էր` հենց ստորագրման պահից սկսած, քանի որ գաղափարի շուրջ չէր, այլ քաղաքապետ ընտրելու շուրջ:
Դիտարկմանը, որ Վանաձորի ավագանու ընտրությունները բնորոշվեցին որպես ոչ բարոյական, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ես չեմ կիսում այն տեսակետը, թե այդ ժամանակ գործի են դրվել ոչ բարոյական քայլեր: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար. ավագանու անդամները ձայնը տվեցին նրան, ով ավելի հավակնոտ ծրագրեր ուներ: Չեմ կիսում նաև այն կարծիքը, թե ընդդիմադիր դաշինքից ընդամենը չորս ձայն է գնացել Մամիկոն Ասլանյանին: Իսկ ո՞վ ասաց, գուցե վեց ձա՞յն է գնացել, յո՞թն է գնացել»:
Հարցին` նման անվստահության մթնոլորտում ինչպե՞ս են կարողանալու քաղաքը ղեկավարել, մանավանդ, որ ընդդիմադիրները հայտարարել են, թե կբոյկոտեն, պատգամավորը պատասխանեց, որ բոյկոտը չի կարող երկար տևել, դա ժամանակավոր է, և շուտով բոլորը կանցնեն կառուցողական քննարկման դաշտ, ինչը կնպաստի արդյունավետ որոշումների կայացմանը:
«Իսկ եթե ընդդիմադիր ավագանու մեջ կա անվստահության մթնոլորտ իրենց անդամների նկատմամբ, դա արդեն նրանց խնդիրն է: Ընդդիմությունը սկսել է մրոտման գործընթաց, որը լավ տեղ չի տանի: Եթե ընդդիմությունն այսպես շարունակի, առաջիկա համապետական ընտրություններում ժողովուրդը նրանց ձայն չի տա: Ընդդիմությունը պետք է լինի կառուցողական ու գաղափարական»,- ասաց Գագիկ Մելիքյանը: