Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնվող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Հանցախմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի հետ ամբաստանյալի աթոռին են խմբին ֆինանսավորողը՝ հայր Անտոնը, և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Վերջինս այսօր նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանից հետաքրքվեց նրա կուսակցական պատկանելիության և Արցախյան ազատամարտին մասնակցելու մասին:
Ի պատասխան` դատավորն ասաց, որ կուսակցական չէ, իսկ Արցախի ազատագրմանը մասնակցել է առաջին վաշտի կազմում, որի հրամանատարը եղել է Բեկորը (Ասկոլկա):
Ապա դատարանը, համաձայն սահմանված կարգի` ճշտեց ամբաստանյալների անձնական տվյալները:
Հանցախմբի ենթադրյալ պարագլուխ Արթուր Վարդանյանը հայտնեց, որ ազգությամբ հայ է, խնամքին ունի 3 անչափահաս երեխա, իսկ հայրը զոհվել է Արցախյան ազատամարտում:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալներից ամենաերիտասարդը Տիգրան Բոյաջյանն է` 21 տարեկան, իսկ ամենատարեցը` 73 տարեկան, հանցախմբի ենթադրյալ ֆինանսավորողը` Հայր Անտոնը:
Այսօրվա նիստին ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին միջնորդեց վարույթից հեռացնել պաշտպաններ Լևոն Բաղդասարյանին և Սիրուշ Աղվանյանին: Ըստ պաշտպանի` նախաքննությունից սկսած նրանք պաշտպանել են երկու մեղադրյալների, ովքեր իրարամերժ ցուցմունքներ են տվել, որոնց շահերն ու դիրքորոշումները մշտապես հակասել են իրար։
Նշենք, որ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի` պաշտպանը չի կարող դիրքրոշում հայտնել, որը հակասում է իր պաշտպանյալի դիրքորոշմանը:
Փաստաբանը մեջբերեց ամբաստանյալներ Անտոն Դիկրան Թոթոնջյանի և Արթուր Վարդանյանի ցուցմունքներից հատվածներ, որոնցից, ըստ նրա երևում է, որ նրանք հակասող դիրքորոշումներ ունեն։
Ըստ նրա՝ ցուցմունքներից մեկում Անտոն Դիկրան Թոթոնջյանն ասել է՝ «Արթուրն ասաց, որ հեղաշրջումը Հայաստանում պատկերացնում է, որ պետք է կատարվի թեկուզ սպանությունների միջոցով»:
«Այս նույն ժամանակ Արթուր Վարդանյանը ցուցմունք է տալիս, որ ինքը երևիցե բռնի ճանապարհով հեղաշրջում կազմակերպելու ցանկություն, մտադրություն ոչ ունեցել է, ոչ էլ այդպիսի մտադրություն որևէ մեկի մոտ հայտնել է»,-ասաց փաստաբանը:
Ըստ Հայկ Ալումյանի՝ Անտոն Դիկրան Թոթոնջյանը ցուցմունքում ասել է, որ Արթուրը չէր մանրամասնում, թե հեղաշրջումը կոնկրետ ինչ ուժերով և ինչ եղանակով է իրականացնելու և իրեն մանրամասներ տեղյակ չի պահել. «Միայն ասում էր, որ զանազան ծրագրեր ունի, իշխանափոխությունը կամ պետք է տեղի ունենա Օհանյանի համաձայնությամբ` բանակի ուժով, նախագահի հրաժարական տալ ստիպելով, կամ Արթուր Վարդանյանը իր խմբերով` զենքի սպառնալիքով և այլն»,-իր ցուցմունքում հայտնել է Հայր Անտոնը:
Սակայն ըստ պաշտպանի` Արթուր Վարդանյանը պնդել է, որ ինքը զենքով , զենքի ուժով հեղաշրջում իրականացնելու մտադրություն չի ունեցել: Ներկայացնելով մեկ այլ դրվագ՝ Հայկ Ալումյանն ասաց, որ ցուցմունք է տրվել այն մասին, որ «որոշել էր գրոհը կատարել ՀՀ Ազգային ժողովի նիստերի ժամանակ, քանի որ ամենաքիչ քանակի թիկնապահները կլինեն Ազգային ժողովի նիստի ընթացքում», սակայն Արթուր Վարդանյանը նշել է, որ այդպիսի բան չի ասել։ Մեղադրող դատախազ Արամյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ` նշելով, որ երկու ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ ամբաստանյալներ Անտոն Թոթոնջյանն ու Արթուր Վարդանյանը հայտնեցին, որ ցանկանում են, որպեսզի իրենց շահերը ներկայացնեն նույն անձինք: Մասնավորապես Վարդանյանը պնդեց, որ իր շահերը ներկայացնեն փաստաբան Լևոն Բաղդասարյանը և Սիրուշ Աղվանյանը, իսկ Անտոն Թոթոնջյանը պնդեց, որ իր շահերը ներկայացնի Սիրուշ Աղվանյանը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժեց Հայկ Ալումյանի միջնորդությունը` պատճառաբանելով, որ պաշտպանին բացարկ հայտնել հնարավոր է միայն պաշտպանյալի համաձայնությամբ : Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: