Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, խոսելով այս տարի գյուղատնտեսության ոլորտում կատարվող աշխատանքների ու սպասվող բերքատվության մասին հիշեց տարեսկզբին Հայաստանի նախագահի եւ ոլորտի պատասխանատուների` Ծաղկաձորում անցկացված հանդիպումը:
«Այդ հանդիպումից հետո կար ոգեւորություն, որ վերջապես սայլը տեղից կշարժվի։ Բայց մի կողմից` բնակլիմայական պայմանների, մյուս կողմից` պետական ծրագրերի թերի իրականացման հետեւանքով այսօր ունենք ոչ գոհացուցիչ պատկեր։ Չկիրառվեցին բույսերի պաշտպանության եւ կրծողների դեմ պայքարին ուղղված ծրագրերը: Այսօր լուրջ թերություններ կան նաեւ անասնաբուժության ոլորտում։ Ձախողվել եւ ձախողվում են նաեւ հակակարկտային ծրագրերը»,- ասաց Հ. Բերբերյանը։
Նա հիշեցրեց կառավարության որոշումը, ըստ որի` մինչեւ մայիսի 10-ը պետական պատվերով ներկրված պետք է լինեին ութ պատվաստումների համար նախատեսված նյութերը. «Սակայն կառավարությունն էլ իր որոշումը չի կատարել, եւ պատվաստանյութը ներկրվեց միայն մայիսի 23-ին»:
Բանախոսը զայրացած նշեց, որ դաբաղի պատվաստանյութի մոտ 180 հազար դոզա է եղել հանրապետության պահեստներում, սակայն չի կիրառվել. «Թե ինչի՞ն են սպասել եւ ո՞ւմ են սպասել, ես էլ չգիտեմ: Ինչքան ունեիք, պատվաստեիք, հետո կստանայիք, տեղը կդնեիք: Ես ասել եմ ու կասեմ` այս երկիրը տգետներն են քանդել»:
Բերբերյանը հայտնեց, որ հանրապետության տարածքում արդեն գրանցվել են դաբաղի եւ խշխշան պալարի դեպքեր:
«Պետությունը դրա համար գումար է հատկացրել, ինչո՞ւ չեն արել: Այսօր խոսում ենք գլխաքանակի ավելացման մասին, բայց փաստացի անկումներ ունենք: Այս պահին Վարդենիսի տարածաշրջանի Սոթք եւ Մասրիկ գյուղերում մոտ 40 անասնագլխաքանակի անկում է գրանցվել: Մասիսում նկատվել է աֆրիկյան ժանտախտի մեկ դեպք: Փաստ է, որ մեր անասնաբուժական ծառայությունը վատ վիճակում է»,- նշեց նա:
Անդրադառնալով Արմավիրի մարզում նախորդ օրվա կարկտահարություններին` միավորման նախագահը հայտնեց, որ, նախնական տվյալներով, բերքին լուրջ վնաս է հասցվել:
Ինչ վերաբերում է բերքատվությանը եւ բերքի գներին, Բերբերյանը նշեց, որ հացազգիների ցանքատարածությունները դարձյալ նվազել են, իսկ լոլիկի եւ բադրիջանի գներն այս տարի շուկայում ցածր կլինեն: Կարտոֆիլի գինը համեմատաբար քիչ կնվազի, սակայն, ըստ ուսումնասիրությունների, մյուս տարի սպասվում է կարտոֆիլի գնի շեշտակի անկում:
Ըստ կանխատեսումների` ծիրանի բերքատվությունը կլինի 25-30 տոկոս, դեղձինը` 60-70 տոկոս, խնձորինը` 50 տոկոս:
Բնակլիմայական քմահաճություններից բացի, գյուղոլորտին մեծ վնասներ հասցնող կրծողների մասին խոսելով` Բերբերյանը հայտնեց, որ դրանց դեմ պայքարը նույնպես, ինչպես հարկն է, չի իրականացվել:
«Փաստորեն, կառավարությունը ձախողում է նախագահի հանձնարարականները»,- հայտարարեց նա` չմանրամասնելով հանձնարարականներ չկատարողների անունները:
«Ժամանակն է, որ նախագահն իրեն կից ստեղծի հանձնաժողով, որպեսզի այդ հանձնաժողովն էլ ստուգի ոլորտում ծրագրեր իրականացնողներին, որովհետեւ ես համոզված եմ, որ նախագահին սխալ տեղեկատվություն է հասնում»,- առաջարկեց բանախոսը: