Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին. տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից։
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մեծ հպարտություն է, որ բարեկամ Ուրուգվայի կարևորագույն կրթական հաստատություններից մեկը ղեկավարում է մեր հայրենակիցը, ով նաև իր տեսանելի ավանդն է ներդրել այդ երկրի կրթական համակարգի զարգացման գործում և մեծ հարգանք է վայելում Ուրուգվայում։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության ոլորտում հայ-ուրուգվայական համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների և հեռանկարի մասին: Խոսելով Ռոբերտո Մարկարյանի այցի շրջանակներում Երևանի պետական համալսարանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի միջև հոկտեմբերի 3-ին ստորագրվելիք համագործակցության համաձայնագրի մասին՝ ՀՀ Նախագահը և Ուրուգվայի Արևելյան համալսարանի ռեկտորը երկուստեք կարևորել են Հայաստանի և Ուրուգվայի միջև կրթական ոլորտում ձևավորվող արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ այն խթան կհանդիսանա երկու երկրների կրթական համակարգերի հետագա փոխգործակցության և փոխանակման ծրագրերի համար:
Անդրադառնալով փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջպետական կապերի սերտացման և երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ակտիվացման գործում մեծապես կարևոր է Ուրուգվայի հայ համայնքի դերը:
Նախագահը ջերմությամբ է հիշել 2014թ. հուլիսին Ուրուգվայ կատարած իր այցը և երկրի բարձր ղեկավարության հետ ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում և բարձր է գնահատում Ուրուգվայի կողմից ավելի քան 50 տարի առաջ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչելու փաստը և շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի կառավարությանն ու ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Ուրուգվայում պետական մակարդակով նշելու համար:
Ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը նշել է, թե հետաքրքրված է նաև Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդով և ցանկություն ունի հայկական փորձը կիրառել Ուրուգվայի դպրոցներում, որի նպատակով վաղը Ծաղկաձորում կայանալիք միջազգային կոնֆերանսի շրջանակներում հանդիպում է ունենալու հայ շախմատիստների հետ:
ՀՀ Նախագահը և ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը մտքեր են փոխանակել նաև համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ