կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 20:59
Առանց Կատեգորիա

ՀՀԿ-ի դժվար ընտրությունը

ՀՀԿ-ի դժվար ընտրությունը

Նոր ձևավորված կառավարությունում ՀՀԿ-ականները հարաբերական փոքրամասնություն են կազմում: Անգամ ՀՅԴ-ական երեք նախարարների հետ միասին կուսակցականները նոր կաբինետում քիչ են: Քաղաքական մեծամասնությունը, փաստորեն, պատասխանատվություն է վերցրել ոչ կուսակցական վարչապետի ղեկավարած՝ մեծամասամբ ոչ կուսակցական կաբինետի գործունեության համար: Վերջին 15 տարվա կտրվածքով` եթե ոչ ավելի շատ, սա աննախադեպ երևույթ է:

Նույնատիպ միտումներ են նկատվում նաև ընթացող ՏԻՄ ընտրություններում: Չնայած ՀՀԿ-ն թեկնածուներ ուներ 317 համայնքներից 237-ում, սակայն, հաղթանակ է տարել դրանց ուղիղ կեսում (161) միայն: Փոխարենը նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ նկատելիորեն շատ են եղել այն համայնքները, որտեղ հաղթանակ են տարել անկուսակցականները: Նրանց մի մասը ստվերային կամ բացահայտ կերպով ունեցել են ՀՀԿ-ի աջակցությունը:

Այս միտումները թույլ են տալիս ասելու, որ տեղի է ունենում գերկուսակցականացված իշխանավարման վերանայում: Համենայնդեպս թե կառավարությունում, և թե ՏԻՄ-ում ՀՀԿ-ն այլևս, կարծես թե կադրերի կուսակցապատկանելությունն այլևս ամենասկզբունքայինը չի համարում: Առերևույթ տեղի է ունենում իշխանական լծակների մի մասից ՀՀԿ-ի ինքնահրաժարում: Զուտ նախնական տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ն գնում է կամ փորձում է ցույց տալ, որ գնում է իշխանության իր քաղաքական «մենաշնորհը» մասնակիորեն վերացնելու ճանապարհով: Զարգացում կունենա՞ այս միտումը, թե ոչ, պարզ կդառնա հոկտեմբերի սկզբին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքներից և հատկապես նրանից, թե ինչ սկզբունքով ՀՀԿ-ն կկազմի ԱԺ ընտրական իր ցուցակը, ինչպիսին կլինի դրան հետեւող կառավարության կազմի նրա տեսլականը:

Նախնական այս միտումներն ունեն երեք տեսանելի պատճառ: Առաջինը նախկին դե ֆակտո միակուսակցական համակարգի բերած համակարգային լճացումն էր: Այն մի կողմից պետական կառավարումը դարձրել էր անարդյունավետ, իսկ մյուս կողմից՝ ստեղծել կուսակցության հովանու ներքո անփոփոխելիության, ապահովվածության և սխալների համար պատասխանատվություն չկրելու պատրանք: Երկրորդը՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո հստակ ձևակերպված, իսկ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո սրված՝ պետության հանդեպ հասարակության անվստահությունը չեզոքացնելու և համակարգային փոփոխությունների պահանջն էր: Դրա անտեսումը կարող էր (է) հանգեցնել անկանխատեսելի հետևանքներով հղի ներհասարակական, ներքաղաքական ցնցումների: ՀՀԿ-ն հետևություններ պետք է աներ, ու ներկայիս միտումը, թերևս, այդ հետևությունների դրսևորումներից է:     

Երրորդը կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցումն էր և առաջիկայում սպասվող իշխանաստեղծ խորհրդարանական ընտրությունները: ՀՀԿ-ի ղեկավարման օղակներում հավանաբար հաշվարկում են, որ հատկապես ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական-քաղաքական վերահսկողության մեխանիզմների ուժեղացման պայմաններում իրատեսական չէ բացարձակ մեծամասնություն ձևավորելու հեռանկարը և անհրաժեշտ է կուտակել ընտրազանգվածի վստահության կապիտալ: Իսկ հին, ճահճացած մեթոդներով, հոգնեցրած, անարդյունավետ, որոշ դեպքերում` օդիոզ կադրերով այդ կապիտալը հնարավոր չէր կուտակել:      

Ինչևէ, ներկայիս հանգրվանից կա զարգացման երկու ուղղություն: Առաջինի դեպքում ՀՀԿ-ն գնում է իսկապես իշխանության խորքային ապակենտրոնացման և աստիճանաբար փոքրացնելով դրանում իր տեսակարար կշիռը՝ վերականգնում է իշխանության թևերի միջև խախտված հավասարակշռությունն ու բարձրացնում ինքնուրույնությունը, ստեղծում կոնսենսուսային որոշումների միջավայր: Սա թե կառավարման, թե քաղաքական հարաբերությունների նոր տիպի մշակույթ է, որի պայմաններում քաղաքական պատասխանատվության ստանձնումը պարտադիր չի ենթադրում պետական բոլոր լծակներին անտրամաբանական բաշխում քաղաքական թիմի ներսում, որն անիմաստ է դարձնում զուտ «փայատիրական» կամ կարիերիստական նկրտումներով իշխող կուսակցության անդամ դառնալը: Բայց սա ռիսկային քայլ է հենց իշխանության և ՀՀԿ-ի համար:

 Խնդիրն այն է, որ որքան ողջ կառավարման համակարգը կենտրոնացած է մեկ կուսակցության ձեռքում, այնքան հեշտ է բավարարել թիմի անդամների «ախորժակը» դրա շնորհիվ ապահովել ներքին կայունությունն ու հիերարխիան: Լծակներից ինքնակամ հրաժարումն այս իմաստով հղի է թիմի ներսում դժգոհ, չհամակերպվող շրջանակների մեծացման և, որպես հետևանք` իշխանության ներսում ճաքերի ու ներքին ընդդիմադիր ուժեղ և լուրջ ռեսուրսների տիրապետող բևեռի առաջացման հեռանկարով: Այս իմաստով էական է լինելու առաջիկայում պաշտոնաթող արված անհատների վարքագիծը:

Երկրորդ ուղղությունը շատ ավելի վատատեսական է: Իշխանությունը պարզապես կարող է որոշել նման եղանակով ընդամենը ենթարկվել ապակուսկացականացման՝ առանց որևէ մշակութային, համակարգային վերափոխման ենթարկվելու: Այսինքն կարող ենք գործ ունենալ ընդամենը իշխանության քաղաքական մենաշնորհը կորցնելու իմիտացիայի հետ. պարզապես ՀՀԿ-ն կորցնում է իշխանության առանցքի կարգավիճակը, իսկ համակարգը սկսում է հենվել ոչ թե կուսակցականների, այլ այսպես կոչված անկուսակցականների կամ պրոֆեսիոնալների վրա: Արժանիք է դառնում ոչ թե ՀՀԿ-ի անդամ լինելը, այլ սոսկ իշխանական կոնյուկտուրային անձնական հավատարմությունը: Սա պարզ դիմափոխության կամ դիմակահանդեսի ուղղությունն է:

Թե այս երկուսից որի հետ գործ ունենք, պարզ կլինի առաջիկայում, հատկապես նրանից, թե որքան ինքնուրույն կգործեն իշխանության թևերն ու ՏԻՄ-երը:

Գևորգ Դարբինյան