կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-27 14:55
Քաղաքական

Դոտացիաներն առավել համաչափ կբաշխվեն համայնքների միջև

Դոտացիաներն առավել համաչափ կբաշխվեն համայնքների միջև

Այսօր ԱԺ արտահերթ նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» նախագիծը: Նախագծով առաջարկվում է դոտացիաներն առավել համաչափ բաշխել համայնքների միջեւ:

Ըստ Վաչե Տերտերյանի` 10 տարվա ընթացքում այս գործընթացը հնարավոր է եղել իրականացնել սահուն, և որեւէ դժվարություն չի նկատվել: Համակարգի հիմքում պարզ սկզբունք է՝ դոտացիաները բաշխվել են ըստ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների, ըստ բնակչության թվաքանակի: Առաջարկվում են նաև նոր լուծումներ՝ համայնքները տարբերակել, իդենտիֆիկացնել և դոտացիաների հաշվարկման բազմագործոն համակարգ ձևավորել:

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց փոխնախարարին: «Համայնքների բյուջեի ֆինանսական ռեսուրսները կազմում են 25 տոկոս, մնացածը բերում են Երեւանից՝ դոտացիաների տեսքով: Միգուցե հակառա՞կն անեիք, ու Երեւանից քիչ ստանային: Դուք չեք բերում օրենք, որը բնակչին կպահի համայնքում»,- ասաց նա:

Վաչե Տերտերյանը արձագանքեց, որ նախագծում ոչ մի հակասություն չկա: Նրա խոսքով՝ համայնքների բյուջեները ոչ մի կերպ համադրելի չեն ՀՀ պետական բյուջեից ստանալիք գումարների հետ: Իսկ այս նախագիծը վերաբերում է այսօր բյուջեից տրամադրվող ֆինանսական ռեսուրսներին:

«Հիմնական խնդիրը պետք է դիտվի այն, որ համայնքների սեփական եկամուտները, ցավոք, նույնիսկ համադրելի չեն պետությունից կամ պետական բյուջեից ստացվող դոտացիաների հետ, սա հիմնախնդիր է, որը կա և այս օրենքի խնդիրը չէ։ Բյուջեի մասին օրենքով դեռևս որևէ անգամ դա իրագործելու այդպիսի հնարավորություն չենք ունեցել։ Այս օրենքի նախագիծը վերաբերում է այսօր պետական բյուջեից համայնքներին տրամադրվող ֆինանսական ռեսուրսների վերաբաշխմանը: Համահարթեցման սկզբունքով տրվող ռեսուրսները բավական մեծ ծավալ են կազմում: Համահարթեցման մասին օրենքը, ավելի բազմագործոն է դարձնում համայնքների միջև ռեսուրսի բաշխումը»,- ասաց Տերտերյանը: