կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-22 11:00
Առանց Կատեգորիա

Կարեն Կարապետյանը կփակի՞, թե՞ կբացի իրանական ուղղությունը

Կարեն Կարապետյանը կփակի՞, թե՞ կբացի իրանական ուղղությունը

«Հայաստանը՝ որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով համաժողովում Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմն ասել է, թե Հայաստանը պետք է ձգտի Իրանի և ԵՏՄ երկրների շուկաներում բարձրացնել իր դերակատարությունը և վերացնել խոչընդոտները՝ որպես ԵՏՄ անդամ երկիր: Դեսպանը հավելել է, որ Իրանը մեծ ուշադրություն է դարձնում Հյուսիս-հարավ միջանցքի իրականացմանը: Իրանի դեսպանն, այսպիսով, անուղղակիորեն ասում է, որ Իրան-Հայաստան և Իրան-Հայաստան-ԵՏՄ առևտրատնտեսական կապերի լայն պոտենցիալը չի իրացվում հենց Հայաստանի պատճառով, որը, փաստորեն, ոչինչ չի անում այդ հարաբերություններին խանգարող գործոնները վերացնելու ուղղությամբ:

Ի՞նչ գործոնների մասին է խոսում դեսպանը: Հայաստանի շուկան Իրանի համար չափազանց փոքր է՝ այստեղ լուրջ տնտեսական շահեր հետապնդելու առումով: Հայաստանն Իրանին հետաքրքրում է հիմնականում քաղաքական, ընդհուպ` աշխարհաքաղաքական շահերի համատեքստում, և տնտեսական, առևտրային, էներգետիկ դաշտում սերտացումը Իրանը դիտարկում է առաջնահերթորեն հենց որպես աշխարհաքաղաքական շահերի սպասարկման միջոց:

Օգոստոսի սկզբին Բաքվում կայացավ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների գագաթաժողովը՝ կապված ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարների հետ: Երեք նախագահներն ընդունեցին համատեղ հռչակագիր, որում նշվում էր, որ կողմերը միջոցներ կձեռնարկեն տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում` Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ուղղությամբ:

Մինչ Հայաստանը ԵՏՄ անդամ է և հայտարարում է Իրանի ու այդ միության միջև կապող օղակի դեր ստանձնելու մասին, Իրանը դեպի ԵՏՄ շուկաներ է փորձում մտնել Ադրբեջանով: Բաքուն ամեն ինչ անում է դրա համար՝ առաջին հերթին օգտվելով այն առիթից, որ նաև Ռուսաստանն է, որպես Իրանի հետ ցամաքային հաղորդակցության միջանցք, նախընտրում Ադրբեջանը: Իրանն արդեն Ադրբեջանի հետ կառուցում է երկու երկրների երկաթուղային ենթակառուցվածքներն իրար միացնող Ռեշտ-Աստարա երկաթգծային հանգույցը: Հուլիսին Բաքվում քննարկվել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության  շինարարության, ֆինանսավորման պայմանները։ Այլ կերպ ասած՝ մեծ հաշվով Իրանն արդեն կատարել է ընտրությունը ԵՏՄ-ի շուկաներին միանալու ուղիների հարցում: Բայց, դրանով հանդերձ, փաստը, որ Թեհրանը շարունակում է դիվանագիտորեն դանդաղկոտության, նախաձեռնողականության բացակայության համար անընդհատ նախատել Երևանին, ցույց  է տալիս, որ շարունակում է Հայաստանը դիտարկել որպես Ադրբեջանի տարածաշրջանային կոմունիկացիոն դերակատարությունը հավասարակշռելու, ինչ-որ իմաստով նաև ճնշելու միջոց: Ի վերջո, Հայաստանով դեպի հյուսիս այլընտրանքային ելքի ապահովումը նաև Իրանին է ապահովագրում թե\' Ադրբեջանից և թե\' Թուրքիայից` կանխատեսելի քաղաքական կախվածությունից: Սա է պատճառը, որ Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում նույնիսկ տնտեսապես խիստ անշահավետ այնպիսի ծրագրերի հանդեպ, ինչպիսին է, օրինակ, Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագիծը: Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ախունդին այս տարվա սկզբին հայտարարել էր, թե Իրանը զարգացնում է բոլոր երկաթուղային ճանապարհները Ռեշտից Զինջան ու Թավրիզ: «Այդ երկաթուղին կմիացնի քաղաքները Թուրքիայի, Հայաստանի և Նախիջևանի հետ»,- ասել էր նա՝ պարզորոշ հասկացնելով, որ հայաստանյան ուղղության բացումը Թեհրանում համարում են ստրատեգիական ուղղություն:

Եվ չնայած այս ամենին՝ իրանական հարցում Երևանի քաղաքական ուղեգիծը մնում է առավելապես անորոշ:  Սեպտեմբերի 18-ին Թեհրանում ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություն է կայացել: Պաշտոնական տեղեկատվությունից պարզ է դառնում, որ քննարկվել են  տարածաշրջանային, քաղաքական և տնտեսական օրակարգի լայն շրջանակի հարցեր: Ուշագրավ է, որ այդ խորհրդակցությունները տեղի են ունենում Հայաստանում կառավարության փոփոխության ֆոնին: Բայց որքան էլ կարևոր են նման հանդիպումները, որքան էլ հաճախակի են տեղի ունենում,  դրանց օգտակար գործողության գործակիցը, մեղմ ասած, էականորեն չի մեծանում:

Ընդամենը օրեր առաջ panarmenian.net-ը, հղում կատարելով ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալներին, տեղեկացրեց, որ 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Վրաստան է արտահանվել 24.7 մլն խ/մ գազ՝ ընդհանուր մոտ 6.2 մլն դոլարի սահմաններում: Թվում էր, թե սա խոսում է իրանական գազը Հայաստանով դեպի Վրաստան, հետագայում` գուցե նաև եվրոպական շուկաներ տեղափոխելու հեռանկարներ բացող` արդեն իրականացվող գործընթացի մասին: Այսօր, սակայն, ՀՀ նորանշանակ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, թե այս պահին նման տրանզիտ չի իրականացվում, քանի որ Վրաստանը պատրաստ չէ դրան: Հիշեցնենք, Իրանի նավթի նախարարության ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին այս տարվա հունվարին հայտարարել էր, որ նախատեսվում է Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ:

Դեռևս անհասկանալի է՝ Հայաստանի տարածաշրջանային կշռի վրա ազդող այս նախաձեռնության տապալումը Հայաստանի՞, թե՞ Վրաստանի պատճառով է տեղի ունենում: Մարտի 7-ին Թբիլիսում Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը համաձայնության եկան Ադրբեջանից Վրաստան մատակարարվող գազի սակագինն իջեցնելու շուրջ: Չի բացառվում, որ սա է եղել հայկական տրանզիտի փակման հիմնական պատճառը: 

Մյուս կողմից` Հայաստանում կառավարություն է փոխվել: Վարչապետ է նշանակվել երկրի գազաէներգետիկ ամբողջ ներքին ցանցի, ինչպես նաև Իրան-Հայաստան գազամուղի միակ սեփականատերը հանդիսացող ռուսական «Գազպրոմ» ընկերության կառավարման մարմինի նախկին ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը:  Մինչ այժմ Ռուսաստանը եղել է ոչ միայն իրանական գազը Հայաստանով արտահանելու, այլև, ընդհանրապես, հայաստանյան տրանսպորտային ենթակառուցվածքները իրանականին միավորելու հիմնական խանգարող գործոնը: Ռուսական էներգետիկ հսկային՝ «Գազպրոմ»-ին պատկանող ներկայիս «Գազպրոմ Արմենիա»-ն և «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն եղել են այդ սահմանափակումների հիմնական լծակները: Եվ հիմա չափազանց կարևոր է հասկանալ, ընդ որում` նաև Թեհրանի համար, թե կարողանալո՞ւ է, արդյոք, Կարապետյանը, ով հանրությանն  անկախ և ճկուն գործիչ լինելու իր կարողությունն ապացուցելու խնդիր ունի, փոխել Մոսկվայի քաղաքական ուղեգիծը և բացել Հայաստանը Իրանի համար: Գուցե Կարապետյանը նաև դրա համա՞ր է նշանակվել վարչապետ: Համենայն դեպս, հենց նման ազդակների են Երևանից սպասում Իրանում, և թերևս դրանից կախված կլինի՝ առաջիկայում տեղի կունենա՞ Իրանի նախագահ Ռոհանիի` երկար սպասված, բայց շարունակ հետաձգվող այցը Հայաստան:

Գևորգ Դարբինյան