Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օր առաջ Ժնևում Իրանի և «վեցյակի» միջև ընթացող բանակցությունները` կապված Իրանի միջուկային ծրագրի հիմնահարցի կարգավորման հետ, տվեցին առաջին լուրջ արդյունքները: Կողմերը հանգեցին միջանկյալ համաձայնությունների, ըստ որոնց` Իրանը հրաժարվում է իր միջուկային ծրագրի զարգացման հեռանկարից, ուրանի հետագա հարստացումն իրականացնում է մինչև 5 տոկոսի սահմաններում, համաձայնում է իր ատոմային օբյեկտների նկատմամբ ՄԱԿ-ի վերահսկողության խստացման պայմանին, որոնց դիմաց որոշակիորեն մեղմացվում են Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային տնտեսական պատժամիջոցները:
Ժնևում արձանագրված տեղաշարժը բխում է առաջին հերթին Հայաստանի շահերից: Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների հնարավոր նվազեցումը նախ երկկողմ հարաբերությունների խորացման և ավելի համարձակ ծրագերի իրականացման հիմքեր է ապահովում, բացի դրանից` երկիրն արտաքին աշխարհի հետ կապող հարավային ճանապարհը բացելու հնարավորություն է ընձեռում, որը զգալիորեն թուլացնելու է Հայաստանի կոմունիկացիոն կախվածությունը Վրաստանից և Ռուսաստանից: Պատահական չէ, որ Ժնևում արձանագրված առաջխաղացմանն առաջիններից մեկը հենց Երևանն արձագանքեց` ի դեմս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի:
Սակայն Արևմուտք-Իրան հարաբերություններում սկսված ձնհալը նաև Հայաստանի համար նոր մարտահրավերներ է ի հայտ բերում, որոնք շրջանցել հնարավոր չի լինելու: Նախ` այս պրոցեսները հանգեցնելու են նաև Հարավային Կովկասում Թեհրանի հետաքրքրությունների մեծացմանը: Իրանը երբեք չի թաքցրել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դիտորդից ակտիվ միջնորդի վերածվելու հավակնությունները` մշտապես կասկածի տակ դնելով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի արդյունավետությունը: Այդ հիմնահարցում չորրորդ խաղացողի անմիջական ներգրավումն էլ ավելի է խճճում պատկերը:
Սակայն հիմնական խնդիրը կապված է Իրան-Ռուսաստան երկիմաստ հարաբերությունների հեռանկարի հետ: Ծավալվող իրադարձությունները քաղաքական իմաստով բխում են Մոսկվայի շահերից, իսկ տնտեսական առումով` ուղղակի հակասում: Մոսկվան, «վեցնյակի» մաս կազմելով, չափազանց մեծ ակտիվություն է դրսևորում իրանական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Բայց դրա պատճառը ոչ այնքան Իրանի հետ միևնույն աշխարհաքաղաքական բևեռի մաս կազմելն է կամ Իրանի միջուկային էներգետիկայի ոլորտում իր կատարած ու կատարելիք ներդրումների պաշտպանությունը, որքան դեպի Արևելք ԱՄՆ-ի հետագա առաջխաղացման կանխարգելումը և հատկապես իր արևմտյան սահմանների ողջ երկայնքով ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ծրագրի տապալումը: ՀՊՀ համակարգերի տեղակայման անհրաժեշտությունն առ այսօր Վաշինգտոնը պատճառաբանում էր իբր Իրանից սպասվող վտանգը կանխարգելելու ծրագրերով: Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունների նորմալացման պարագայում ԱՄՆ-ը փաստացի կորցնում է իր հիմնական հաղթաթուղթը` ինքնըստինքյան անիմաստ դարձնելով նման համակարգի ստեղծումը: Եթե ԱՄՆ-ը դա չի անում, ապա ուղղակիորեն հաստատում է, որ այդ համակարգերն ուղղված են հենց Ռուսաստանի դեմ` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Մինչդեռ ժնևյան համաձայնությունների հնարավոր կատարման տնտեսական հետևանքներն արդեն ոչ մի կերպ չեն կարող ձեռնտու լինել Մոսկվայի համար: Իրանի նկատմամբ տնտեսական էմբարգոյի թուլացումից հետո իրանական նավթագազային ռեսուրսները եվրոպական շուկա հասցնելը անխուսափելիորեն դառնալու է Արևմուտքի հիմնական գերակա խնդիրներից մեկը` էականորեն թուլացնելու համար Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգետիկ մտրակից: Եվ ահա այս իմաստով Իրանը հավակնում է վերածվել Ռուսաստանի ամենալուրջ ու ամենավտանգավոր էներգետիկ մրցակցի, որին շանտաժի ենթարկել արդեն չի ստացվելու: Ուստի, ըստ ամենայնի, Ռուսաստանի հիմնական նպատակը ոչ թե Արևմուտքի և Իրանի միջև կոնֆլիկտի վերջնական կարգավորումն է, այլ այդ հարաբերությունները միջանկյալ ինչ-որ մակարդակի վրա պահելը և վերահսկելը, ինչն, առաջին հերթին, ինչպես միշտ, կաշխատի Հայաստանի շահերի դեմ: Ստացվում է, որ Հայաստանը կրկին հայտնվում է ռուսական աքցանների մեջ:
Իրանական ճգնաժամի հաղթահարումը Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում, սակայն դա չի նշանակում, թե Երևանը շանս է ստանում օգտվելու այդ բացվող պատուհանից: 2007թ. գործարկված Իրան-Հայաստան գազամուղը ևս կառուցվեց Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման համար, որը պետք է դիվերսիֆիկացներ էներգակիրների ներկրումը Հայաստան: Սակայն հենց Ռուսաստանի ճնշմամբ նախ զգալիորեն փոքրացվեց այդ գազատարի թողունակությունը, հետո, չնայած դրա շահագործմանը, այն փաստացի մատնվեց անգործության: Չնայած իրանական կողմի անընդհատ ակնարկներին, թե պատրաստ են քննարկել Հայաստանի կողմից ներկրվող` իրենց գազի ծավալների մեծացման դիմաց առավել ճկուն սակագին որոշելու հարցը, սակայն Երևանը չգնաց դրան: Իսկ հիմնական պատճառն այն է, որ ռուսական «Գազպրոմ»-ին հանձնվեց Իրան-Հայաստան գազատարի կառավարումը, որը այն ուղղակի անգործության մատնեց: Ռուսաստանն անուղղակի արգելեց Հայաստանին, իրենց բացի, որևէ մեկից գազ գնել: Չի կարելի բացառել, որ, չնայած բացվող իրանական նոր հեռանկարներին, Ռուսաստանը կիրառելու է գազատարի «կառավարման» նույն սխեման և արգելափակելու է այդ ուղղությունը Հայաստանի համար: Սա առավել իրատեսական է թվում հատկապես Հայաստանի` Մաքսային միություն մտնելու և դրա շրջանակներում ստանձնած ուղղակի խայտառակ այն պարտավորության ֆոնին, ըստ որի` Հայաստանը չի կարող ՄՄ-ի դեմ ուղղված հայտարարություններ անել կամ գործողություններ կատարել, նույնիսկ` դրա անդամը չհանդիսանալու պարագայում: Իսկ ՄՄ-ի շառավղից դուրս այլ տնտեսական տարածքի հետ նման տիպի հարաբերությունների խորացումը Մոսկվան միշտ կարող է գնահատել որպես հարված թիկունքից:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ