Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա Մենղինին արձագանքել է ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից՝ հունվարի 14-ին ուղարկված գրությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Գրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Թանկագին պարոն Ազարյան,
Շնորհակալություն հունվարի 14-ին ուղարկված նամակի համար, որով հայցել եք Վենետիկի հանձնաժողովի օժանդակությունն ու գործողությունները՝ Լաչինի միջանցքի շուրջ ծագած մարդասիրական իրավիճակով պայմանավորված:
Վստահեցնում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, որպես իրավապաշտպան կազմակերպություն, ուշադրությամբ հետևում է իրավիճակին: Մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը Լաչինի միջանցքի շուրջ առաջացած մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտնել էր իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ լարված իրավիճակի սրացումից խուսափելու ելքը երկխոսությունն է, նաև պատրաստակամություն է հայտնվել օգնել Հայաստանի և Ադրբեջանի հաշտության հարցում:
Դեկտեմբերի 16-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդները, ովքեր մշտադիտարկում են իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրավիճակի վե¬րաբերյալ, միասնական հայտարարությամբ հանդես գալով՝ խորը մտահոգություն են հայտնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի խափանման հարցում, որը դժվարութ¬¬յուն¬ներ է ստեղծել խաղաղ բնակչության համար, ավելին՝ դիմել են բնակչության ազատ տեղաշարժը վերականգնելու պահանջով:
Վստահաբար տեղյակ եք, որ դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի խնդրանքը և միջանկյալ միջոցներ կիրառելու որոշում կայացրել Ադրբեջանի դեմ, որով կապահովվի ինչպես ծանր հիվանդ անձանց տեղափոխումը դեպի Հայաստան, այնպես էլ այն անձանց տեղափոխումը, ովքեր առանց տանիքի և ապրելու միջոցների մնացել են այդ ճանա¬պար¬հին:
Դեկտեմբերի 22-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միլատովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որով ևս մտահո¬գություն է հայտնել այն մասին, որ տևական ժամանակ փակ ճանապարհը մարդկանց զրկում է իրենց տները հասնելու, կենսական ապրանքներ, բժշկական միջոցներ և մթերք¬ներ ստանալու հնարավորություններից, և այդ ամենը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգտվել մարդու իրավունքներից: Հանձնակատարը նույնպես դիմել է Լաչինի միջանցքի անվտանգության հարցում հասարակական կարգը պահպանելու պատասխանատու անձանց՝ ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի վերա-կանգնվի ճանապարհով ազատ տեղաշարժը և այդ հարցը դիտարկել է որպես անհե-տաձգելի միջոց՝ թույլ չտալով մարդասիրական իրավիճակի վատթարա¬ցում:
Հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կառույց է, որի գլխավոր գործառույթն անդամ պետություններին իրավաբանական խորհրդատվության տրամադրումն է, մասնավորապես, Հանձնաժողովն աջակցում է անդամ պետությունների իրավական և ինստիտուցիոնալ կառույցները եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարական և միջազգային փորձին, Մարդու իրավունքներին և օրենքներին համապատասխանեցնելու հարցում:
Հետևաբար, Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրավիճակին արձագանքելը թեև Վենետիկի հանձնաժողովի մանդատից դուրս է, բայց միևնույն ժամանակ մենք լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը և Ձեր նամակը կուղարկենք Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմիններին: Հիշյալ հարցի հետագա ընթացքի հետ կապված ևս հայտնում եմ իմ պատրաստակամությունը»: