կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 15:18
Քաղաքական

Շենավանում թեժ մրցակցություն է սպասվում. Զոհրապ Աթեյան

Շենավանում թեժ մրցակցություն է սպասվում. Զոհրապ Աթեյան

Ապարանի շրջանի Շենավան գյուղում սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու: Շենավանի համայնքապետի պաշտոնի համար մրցելու է 5 թեկնածու: «Թեժ մրցակցություն է գյուղում»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Շենավանի համայնքապետի դաշնակցական թեկնածու Զոհրաբ Աթեյանը:

Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ Շենավանի բնակչության թիվը շուրջ 2000 է, ընտրողների թիվը` 1380: Գյուղը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ, անասնապահությամբ, և որ իրենց գյուղում է առաջին անգամ ցանվել Ռուսաստանից բերված կարտոֆիլի սերմնացուն:

Աթեյանը նշեց, որ գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի: «Մարդիկ ձմռանը հիմնականում անելու բան չեն ունենում, ուստի ես գտնում եմ, որ մեր գյուղի առաջնահերթ խնդիրներից է  հանդիսությունների` թեկուզ փոքր սրահի բացումը, դա կապահովի զբաղմունք մարդկանց համար, հատկապես` ձմռան ամիսներին, երբ մարդիկ զբաղմունք չեն ունենում»,- ասաց նա:

Ըստ մեր զրուցակցի` գյուղն ունի կավային ճանապարհներ, որոնք հատկապես անձրևային եղանակներին անանցանելի են դառնում, և սա ևս գյուղի կարևորագույն խնդիրներից է:

«Գյուղն ունի պահեստային հողեր` մոտ 30-32 հա, որոնք գտնվում են Երևան-Վանաձոր ճանապարհի երկու կողմում, և գյուղի զարգացման համար շատ կարևոր է, որպեսզի այդ հողերը բաժանվեն գյուղի երիտասարդներին: Ընտրվելու դեպքում լուծելու եմ այդ հարցը»,- նշեց Աթեյանը:

11 տարի է` նա գյուղապետի տեղակալն է և լավ է պատկերացնում գյուղում առկա խնդիրների լուծման ձևերը:  «Երբ եկել ենք իշխանության, գյուղապետարանն ունեցել է 8 մլն պարտք, որը 1 տարվա ընթացքում մարվել է: Այս տարիների ընթացքում հողի հարկի պլան ենք կատարել, ջրագծերն են կառուցվել, ճանապարհներն են լուսավորվել, բայց էլի խնդիրներ կան, որոնց լուծման ձևերը ես լավ եմ պատկերացնում»,- ասաց Աթեյանը: