Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՄԻՊ գործունեության տարեկան հաղորդումը: Հարկ է նշել, որ այն ներառում է նաև նախորդ ՄԻՊ-ի զեկույցները, և ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ ինքն իրեն թույլ չի տվել իր նախորդի զեկույցներում որևէ բան փոփոխել, քանի որ մեծ հարգանքով է վերաբերվում նրա գործունեությանը:
Թաթոյանը նշեց, որ հրապարակելու է նաև տարեկան զեկույց` խոշտանգումների կանխարգելման մասով, կլինի զեկույց հանրաքվեի վերաբերյալ: Նրա խոսքով՝ 2015թ. ՄԻՊ-ը ստացել է 5200 բողոք, ամենաշատ բողոքները ներկայացվել են ոստիկանության, ապա` արդարադատության նախարարության, մասնավորապես` ԴԱՀԿ դեմ, որին հաջորդում են բողոքները դատարանների գործունեության դեմ:
Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը կարծիք հայտնեց, որ գրեթե ամեն տարի կրկնվում են մարդու իրավունքների նույն խախտումները, ինչը նշանակում է որ պետական կառույցները լուրջ չեն վերաբերվում ՄԻՊ զեկույցներին, անգամ` պետական կառույցները հարկ չեն համարում պատասխանել այդ զեկույցներին` ասելով, որ պատրաստվում են հետագայում լուծել այդ խախտումները:
«Օրինակ` հավաքների ժամանակ ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բարձրաձայնում են տարիներ շարունակ, բայց վիճակը գնալով ավելի է խորանում` եթե մեկ տարի առաջ ոստիկանությունը ջրցան մեքենա օգտագործեց հավաքի մասնակիցների դեմ, ապա այս տարվա հուլիսին քաղաքացիները լուրջ մարմնական վնասվածքներ ստացան»,- ասաց Էլինար Վարդանյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի կարծիքը դուր չեկավ ինչպես ՄԻՊ Արման Թաթոյանին, այնպես էլ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին: Նախ` Թաթոյանն առարկեց` ասելով, որ պետական մարմինները ՄԻՊ զեկույցին չեն կարող լուրջ չվերաբերվել, և որ ինքը հետևողական կլինի այդ հարցում: Իսկ Մարգարիտ Եսայանը կարծիք հայտնեց, որ Էլինար Վարդանյանը մերկապարանոց հայտարարություններ է հնչեցնում, որովհետև պետական կառույցները լուրջ են վերաբերվում ՄԻՊ զեկույցներին, և ոստիկանությունում մի քանի ոստիկաններ պատասխանատվության ենթարկվեցին կամ պատժվեցին:
Էլինար Վարդանյանը պարզաբանեց, որ իր ասածը բխում է ՄԻՊ տարեկան զեկույցներից, որովհետև մարդու իրավունքների խախտումներն ամեն տարի կրկնվում են, ինչը նշանակում է, որ դրանց ուղղությամբ բավարար քայլեր չեն կատարվում:
ՄԻՊ տարեկան զեկույցի մասին հարցն ընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում: