կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-27 14:08
Տարածաշրջան

Ով է ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցներին կողմ քվեարկած Մարգար Եսայանը

Ով է ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցներին կողմ քվեարկած Մարգար Եսայանը

Երեկ ԵԽԽՎ-ն ձայների` 70 դեմ, 66 կողմ հարաբերակցությամբ մերժեց բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, սակայն ընդունեց Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցը՝ 98 կողմ, 71 դեմ ձայներով:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ ազգությամբ հայ, սակայն հակահայկական և էրդողանանպաստ գործունեությամբ հայտնի` Կ.Պոլսից պատգամավոր Մարգար Եսայանը հակահայկական հերթական գործունեությունն է ծավալել: Նա ԵԽԽՎ-ում քվեարկել է հակահայկական երկու զեկույցների օգտին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Մարգար Եսայանը կեղծ հայտարարություն էր տարածել հայկական Թուզլա որբանոցը հայկական կողմին վերադարձնելու վերաբերյալ` նշելով, թե իբր իշխանությունները պատրաստ են այն Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին վերադարձնել:

Խոստումից երեք շաբաթ անց այդ ուղղությամբ ոչինչ չէր ձեռնարկվել: Ավելին՝ բազմաթիվ հարձակումներ էին տեղի ունեցել որբանոցի համար պայքարող երիտասարդների վրա, իսկ «Փարոս» ամսագրի հետ զրույցում Եսայանը պնդել էր, թե հայկական որբանոցի սեփականությունը վերադարձվել է հայկական կողմին, ինչը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել որբանոցի ոչնչացման դեմ պայքար մղող անձանց շրջանում:

Այդ կեղծիքից հետո Կ.Պոլսում գործող հայկական «Նոր Զարթօնք» միությունը հայտարարություն էր տարածել՝ Եսայանին մեղադրելով խորհրդարանական ընտրություններում հայկական որբանոցը որպես քարոզչամիջոց օգտագործելու մեջ:

Պատրաստեց Արազ Գայմագամյանը