|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված համաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում, ի թիվս այլ հարցերի, մասնակիցները հաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման օգտին աշխատելու անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրացնի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը` առանց սպառնալիքների և բռնության ենթարկվելու:
Ստորագրված փաստաթուղթը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, և միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, ռազմական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ, որպեսզի հակամարտությունը նոր զինված բախումների չվերածվի:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորն իմանան, որ Ուրուգվայում, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է Լեռնային Ղարաբաղից, կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն այս հարցում»,- ասել է Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Դանիել Ռադիոն հռչակագիրն ընթերցելուց հետո:
Սենատոր Ռաֆայել Միքելինին, իր հերթին, հայտարարել է, որ այն, ինչ իրենք ընդունում են համաժողովի արդյունքներով, արդարության ակտ է:
Իրավապաշտպան Օսկար Լոպես Գոլդարասենան ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է և ընտրել ազատ ու ինքնիշխան պետության իր մոդելը:
Իսկ Ուրուգվայի ԱԳ նախարարի նախկին տեղակալ Բելելա Հերերան հույս է հայտնել, որ իրենց նախաձեռնությունը օրինակ կդառնա ողջ աշխարհի համար:
Ուրուգվայի մայրաքաղաքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով համաժողովն անցկացվել է սեպտեմբերի 2-ին: Համաժողովին մասնակցել են օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, հասարակական ակտիվիստներ, գիտնականներ, իրավապաշտպաններ: Համաժողովի մասնակիցների նպատակն է առաջ տանել Ուրուգվայի դիրքորոշումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում: