Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 15-ին Մոսկվայի «Պրեզիդենտ Հոթելում» տեղի է ունեցել «Քրդական հարցը ժամանակակից փուլում եւ դրա ազդեցությունը մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ Կովկասի վրա» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր Քրդական հասարակական կազմավորումների միջազգային միությունը:
Ներկա են եղել Ռուսաստանի մի շարք պետական հաստատությունների ներկայացուցիչներ, վերլուծական, ակադեմիական հաստատությունների, ազգային միությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում` Թուրքիայի խորհրդարանի անդամ, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Օսման Օսչելիկը, Օջալանի փաստաբան Ասիյա Ուլկերը, Քրդստանի ազգային կոնգրեսի գործադիր խորհրդի անդամ Ջորջ Արիոն:
Գիտաժողովին մասնակցել է նաեւ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը. տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը:
Ազգությամբ քուրդ ելույթ ունեցողները դատապարտել են Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի կողմից քրդերի դեմ իրականացվող քաղաքականությունը: Թուրքիայի նկատմամբ հնչած պահանջներն են եղել` ա) նոր ժողովրդավարական սահմանադրության ընդունում, որը իրավականորեն կերաշխավորի քրդերի ազգային կարգավիճակը, բ) Թուրքիայի կազմում Քուրդիստանի ժողովրդավարական ինքնավարության ստեղծում, գ) քրդերի դեմ ռազմական գործողությունների դադարեցում, դ) քուրդ ազգային առաջնորդ Օջալանի եւ մյուս քուրդ գործիչների ազատում, ե) քրդական լեզվի օրենսդրորեն ճանաչում եւ պետական հաստատություններում նրա օգտագործման նկատմամբ արգելքի վերացում:
Գիտաժողովում ելույթով հանդես է եկել նաեւ Յուրի Նավոյանը: Նա նշել է, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների ու հավանական զարգացումների համատեքստում քրդական հարցը տարածաշրջանի զարգացման եւ ուժերի դասավորության վրա էական ազդեցության գործոն դառնալու հավանականություն ունի: ՀՅԴ ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ ճակատագրի նմանություն ունեցող հայ եւ քուրդ ժողովուրդները, պատմական դասերից ելնելով, ցանկացած իրավիճակում ընդունակ են համագործակցություն հաստատել:
Յու. Նավոյանը ներկայացրել է նաեւ Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքն ու հայկական կողմի տեսակետները, ընդգծել Թուրքիայի ոչ կառուցողական դերակատարությունը այս ու այլ հարցերի նկատմամբ: