կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-31 13:45
Հասարակություն

Սեպտեմբերի եղանակի կանխատեսումն՝ ըստ մարզերի

Սեպտեմբերի եղանակի կանխատեսումն՝ ըստ մարզերի

Այս տարվա սեպտեմբերին մեր հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսում ենք նորմայի սահմաններում այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ Սուրենյանի`մենք ունենալու ենք այնպիսի սեպտեմբեր, որը համահունչ է մեր բազմամյա կլիմայական պայմաններին առանց որևէ արտառոց շեղումների, բայց ըստ տասնօրյակների այն կունենա տարբեր բնութագրեր:

«1-ին տասնօրյակը աչքի կընկնի անկայունությամբ, այսինքն ջերմաստիճանային որոշակի վայրիվերումներով, նվազումներով, բարձրացումներով, ամպրոպային բնույթի կարճատև անձրևներով, 2-րդ տասնօրյակին մի փոքր առաջին տասնօրյակի նկատմամբ օդի ջերմաստիճանը կբարձրանա, 3-րդ տասնօրյակում արդեն ջերմաստիճանը կայուն կսկսի նվազել»,- ասաց Սուրենյանը:

Նա ներկայացրեց սեպտեմբեր ամսվան սպասող ջերմային ֆոնի կանխատեսումները հանրապետության տարբեր մարզերում. Այսպես. Արարատում, Արմավիրում, Արագածոտնի նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում առանձին օրեր տաք օդային հոսանքների ներթափանցման հետ կապված օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա + 33 + 35 աստիճան, իսկ ամսվա երրորդ տասնօրյակում կսկսեն ներթափանցել սառը օդային հոսանքներ:

Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կիջնի մինչև + 12 +15 աստիճան: Շիրակում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, առանձին օրեր ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի + 22-ից մինչև + 26 աստիճան, իսկ ամսվա երրորդ տասնօրյակին ջերմաստիճանը գիշերային ժամերին արդեն կնվազի մինչև +2 +5 աստիճան: Լոռիում առանձին օրեր ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի + 22 + 25 աստիճան, ամսվա երրորդ տասնօրյակում ջերմաստիճանը գիշերային ժամերին կհասնի +3 +6 աստիճանի: Տավուշում ջերմաստիճանը ցերեկային ժամերին առանձին օրեր կհասնի + 26 +30 աստիճան, իսկ ամսվա երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին սպասում է ջերմաստիճանի նվազում +5+8 աստիճան:

Սյունիքում առանձին օրեր ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +32 +35 աստիճանի, իսկ ամսվա երրորդ տասնօրյակում ջերմաստիճանը կնվազի մինչև +12 +15 աստիճան: Երևանում առանձին օրեր ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +33 + 35 աստիճան, իսկ ամսվա երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի + 8 + 10 աստիճան:

Անդրադառնալով վերջին շոգերին բանախոսը նշեց, որ 2006 թվականից հետո մենք չենք ունեցել մի տարի, որ այսպես օգոստոսի վերջին Արարատյան դաշտում, Երևանում մինչև 38 աստիճան տաքություն պահպանվի, սա կլիմայական շեղում է, ներկա պահին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-ից 7 աստիճանով և այս երևությը պայմանավորված է Իրաքի և Իրանի տարածքից արևադարձային տաք հոսանքների նեթափանցմամբ: Բանախոսը նշեց, որ այսօր երեկոյան ժամերից օդերևութաբանական իրավիճակը մեր երկրում փոխվելու է, Սև ծովի տարածքից դեպի Հայաստան և Կովկաս է տեղաշարժվում ցիկլոն, որն իր հետ բերում է սառը օդային հոսանքներ:

«Սեպտեմբերի 1-ին մինչև 5-ը մենք գտնվելու ենք այդ ցիկլոնի ազդեցության տակ: Ջերմաստիճանի անկումը հատկապես նկատելի կլինի հատկապես երեկոյան և գիշերային ժամերին: Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը 30-ի փոխարեն կնվազի մինչև 22 աստիճան»,- ասաց Սուրենյանը, հավելելով`սեպտեմբերի 5-ից սառը հոսնանքերը մի փոքր կթուլանան և սեպտեմբերի 5-ից 6-ը ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա, բայց ամեն դեպքում, որքան էլ որ բարձրանա արդեն +32-ց + 33 աստիճանից բարձ ջերմաստիճան չի նախատեսվում: