կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-03 16:59
Առանց Կատեգորիա

Սեպտեմբերի 3-ից սեպտեմբերի 3. ինքնիշխանության չհաջողված փորձաշրջանը

Սեպտեմբերի 3-ից սեպտեմբերի 3. ինքնիշխանության չհաջողված փորձաշրջանը

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կրեմլի պատերի ներքո Հայաստանի անունից հայտարարեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը միանալու որոշման մասին, որի հետևանքը եղավ ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացի անմիջապես կասեցումը և Հայաստանի` իբրև միջազգային սուբյեկտի և պոտենցիալ գործընկերոջ, գրեթե կատարյալ հեղինակազրկումն ու միջազգային ասպարեզում նրա նկատմամբ համակողմանի անվստահության առաջացումը:

 

Չնայած ՄՄ-ին միանալու գործընթացի կայծակնային արագությանը, երբ արդեն 2013թ. վերջին Հայաստանը գործնականում արդեն կատարել էր բոլոր հանձնառությունները, անցած տարին հիմնականում անորոշությունների և տագնապալի սպասողականության տարի էր: Առաջին անորոշությունը, որը գործնականում դարձավ այս ամբողջ պրոցեսում Հայաստանի` քաղաքականության օբյեկտ, այլ ոչ թե սուբյեկտ լինելու ցուցիչը, դրսևորվեց ԵՏՄ-ին անդամակցության ժամկետների` շարունակ անհիմն ու անտրամաբանական պատճառաբանություններով ձգձգման միջոցով: Դրանում Երևանն իրեն դրել էր ճակատագրական վճռին սպասող խելոք կալանավորի կարգավիճակում`չկարողանալով հասնել նույնիսկ նվազագույն խնդրի լուծմանը` ԵՏՄ-ի հիմնադիր անդամ դառնալուն: Որոշ դրվագներում` ինչպես Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն նիստում Նազարբաևի տված «ներկայացման» պարագայում, այդ կարգավիճակն անցնում էր նույնիսկ արժանապատվության և ինքնասիրության սահմանները: Մեծ հաշվով հենց Հայաստանի անդամակցության հարցի համատեքստում բացահայտվեց, որ այդ կազմակերպության անդամներն ավելի շատ հակասություններ ունեն, քան ընդհանրություններ ու միասնական շահեր, և որ ԵՏՄ-ն ոչ թե ինքնիշխան պետությունների կողմից կայացված ինքնուրույն որոշման, այլ եվրասիական գլոբալ ինտեգրացիայի գաղափարը ռուսական կայսերապետական նկրտումների ձևախեղմանը ենթարկեցնելու հետևանք է: Այս ընթացքը հաստատեց, որ Հայաստանը մտնում է մի միություն, որտեղ առավելագույնը հավակնելու է Ռուաստանի զինակրի կամ սպասավորի դերին` շարունակելով հույսը դնել լավ ծառայության դիմաց Կրեմլից իրեն նետվող փշրանքների վրա:

 

Երկրորդ անորոշությունը տնտեսաքաղաքական բնույթի է` կապված, մի կողմից, ներմուծվող հազարավոր ապրանքների մաքսատուրքերի հնարավոր բարձրացման, Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ունեցած պարտավորությունների կատարման խնդրում առաջացող խնդիրների, Վրաստանի հետ մաքսային նոր տիպի հարաբերություններ ստեղծելու անխուսափելիության, ԼՂՀ-ի կարգավիճակի, հայաստանա-ղարաբաղյան սահմանին մաքսակետեր տեղակայելու հնարավորության հարցերի հետ: Այս խնդիրներից կամ ռիսկերից և ոչ մեկի մասով վերջնական պատասխաններ տրված չեն: Որևէ մեկը հստակ չի ձևակերպում, թե որո՞նք են հիմնական ռիսկերը,  ինչպիսի՞ն է լինելու անդամակցությունից հետո կորուստների և ձեռքբերումների բալանսը: Մինչդեռ որևէ միության մաս դառնալուց, իր ինքնիշխանության մի մասը սեփական կամքով վերպետական կառույցներին հանձնելուց առաջ ցանկացած երկիր առաջինը հենց այս հարցերի պատասխանն է փորձում ստանալ ու տալ իր հասարակությանը: Երբ դա չի արվում, նշանակում է գործ ունենք նման կազմակերպություններին ոչ թե սեփական կամքով, այլ պարտադրաբար միանալու իրողության հետ: Հայաստանի իշխանություններին ոչ թե չի հետաքրքրում այս ռիսկերի առկայությունը, այլ այն քաջություն չունի դրանց մասին հիշեցնելու, խոստովանելու և դրանք չեզոքացնելու:

 

Բոլոր այն նախադրյալները, որոնք պետք է հիմք հանդիսանային արտաքին քաղաքական ինքնուրույն կողմնորոշման համար, իշխանությունը վաղուց վատնել ու հանձնել է Ռուսաստանի տնօրինությանն այն աստիճան, որ ինքն իրեն զրկել է որևէ տեսակի ընտրություն կատարելու, դիմադրելու, պետական շահը պաշտպանելու հնարավորությունից: Եվ 2013թ. սեպտեմբերի 3-ի պատմական որոշումն այս իմաստով հենց այդ շարունակական վատնումների, մսխումների և դրանց համար քաղաքական պատասխանատվություն չկրելու ուղղակի հետևանքն է:

 

Ինչևէ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին հանձնարարեց Ռուսաստանի կառավարությանը` ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ավելի վաղ` օգոստոսի վերջին կայացած ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում, որոշվել է Հայաստանի անդամակցության հարցը վերջնականապես հստակեցնել այս տարվա հոկտեմբերի 10-ին: Անցած մեկ տարվա ընթացքում սա միակ դեպքն է, երբ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին խոսվում է այսքան կոնկրետ: Դա նշանակում է, որ նախ Ռուսաստանն ինչ-որ իմաստով հույսը կտրել է Ադրբեջանին ևս ԵՏՄ ներքաշելու մտասևեռումից, ինչն առանց չափազանցության հուլիսի վերջին և օգոստոսի սկզբներին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ծավալված փոքրիկ դիվերսիոն պատերազմում հայկական բանակի ցուցադրած սխրանքի պարտադրանքի արդյունքն էր: Երկրորդ` ըստ ամենայնի` Մոսկվային հաջողվել է Բելառուսի և հատկապես Ղազախստանի հետ գալ կոնսենսուսային որոշման: Ըստ ամենայնի` Հայաստանի անդամակցությանը Աստանայի համաձայնության գինը եղել է Նազարբաևի կողմից Պուտինից երաշխիքներ ստանալն առ այն, որ ԵՏՄ-ի շրջանակներում և դրանից դուրս Մոսկվան երբեք ոտնձգություն չի կատարի Ղազախստանի ինքնիշխանության նկատմամբ: Ըստ ամենայնի` ԵՏՄ-ից դուրս գալու` Նազարբաևի սպառնալիքների իմաստը հենց դա էր:

 

Մինչև հոկտեմբերի 10-ը դեռ ավելի քան մեկ ամիս կա, և դա ներկայիս արագ փոփոխվող աշխարհում հսկայական ժամանակ է` իրավիճակի նոր, անկանխատեսելի փոփոխությունների համար: Մինչ այդ դեռ շատ ջրեր են հոսելու և բոլորովին բացառված չէ, որ այդ ժամկետը ևս վերջնական չէ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ հոկտեմբերի 10-ը Հայաստանի համար, հենց արտաքին քաղաքական շրջադարձային որոշումների առումով, կարծես ձեռք է բերում մի առանձնահատուկ, սիմվոլիկ նշանակություն: 2009թ. հենց հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները, որոնք, բարեբախտաբար, մնացին երկու երկրների պառլամենտների գզրոցներում: Գուցե ամսաթիվն օգնի, և ԵՏՄ-ի հարցում պատմությունը կրկնվի՞...

 

Գևորգ Աղաբաբյան