կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-25 21:55
Սպորտ

Մունդիալ-2018. Նոր մեկնարկի շեմին

Մունդիալ-2018. Նոր մեկնարկի շեմին

Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլը: Ինչպես հայտնի է Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է  E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի հավաքականները: 

Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 4-ին: Վարուժան Սուքիասյանի թիմն արտագնա խաղում կմրցի Դանիայի ընտրանու հետ: Մինչ այդ ` օգոստոսի 31-ին մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ:

Նախորդ տարվա վերջին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Վարուժան Սուքիասյանը: Նոր մարզչի գլխավորությամբ հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց մարտի 25-ին` սեփական հարկի տակ մրցելով Բելառուսի ընտրանու հետ, որը հրաժեշտի խաղ էր մեր լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար: Այս խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Հաջորդ հանդիպումները մեր հավաքականն անցկացրեց ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին և հունիսի 2-ին Հայաստանի ընտրանին հաղթանակ տարավ համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների նկատմամբ:

 Հայաստան-Գվատեմալա խաղում, որն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով 7։1 հաշվով, գրանցվեց միանգամից մի քանի նոր ռեկորդ հայկական ֆուտբոլի համար։  

 Նախ, Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչ այս մեր ընտրանին մի քանի անգամ հաղթել էր միայն 4։0 հաշիվներով։ Հայաստանի հավաքականը երբեք ոչ պաշտոնական, ոչ ընկերական խաղերում չէր խփել ոչ միայն 7, այլև 5 և 6 գնդակ։ 

 Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Մինչ այս Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Իռլանդիայի դեմ մրցավեճում։

 Ռեկորդներից զատ եղան նաև հետաքրքիր այլ իրադարձություններ։ Հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոյանը, իսկ Արթուր Սարկիսովը կրկին աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց հետո։ 

4 օր անց հետևեց հերթական խոշոր հաշվով հաղթանակը: Այս անգամ մեր թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Էլ-Սալվադորի դարպասը: Հայաստանի ընտրանին 2 խաղում դարձավ 11 գոլի հեղինակ, սեփականը բաց թողնելով 1-ը:

Այս անգամ նախորդ 3 հանդիպումների համեմատ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների կազմում   մեծ փոփոխություն չկա:

Հիշեցնենք, որ Չեխիայի և Դանիայի հետ խաղերին նախապատրաստվելու համար Սուքիասյանը հրավիրել է 26 ֆուտբոլիստների: