կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-10 16:09
Իրավական

Դիլիջանում 44-ամյա տղամարդը կրակել է եղբոր կնոջ վրա

Դիլիջանում 44-ամյա տղամարդը կրակել է եղբոր կնոջ վրա

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Դիլիջանի բնակչուհի Գ.Կոխլիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Առերևույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 2016 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 12:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ քրոջ ամուսնու եղբայրը կրակել է քրոջ՝ Գ.Կոխլիկյանի ուղղությամբ, և վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի տներից մեկի բակում Դիլիջանի բնակիչ, 44-ամյա Վ.Եսայանն իր մոտ պահվող հրազենով կրակել է իր եղբոր կնոջ՝ 36-ամյա Գ.Կոխլիկյանի ուղղությամբ՝ պատճառելով մեջքի աջ գոտկային շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ և հրազենով դիմել փախուստի: Դեպքի առթիվ 2016 թվականի օգոստոսի 06-ին Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2016 թվականի օգոստոսի 7-ին որոշում է կայացվել Դիլիջանի 44-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական, դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: