կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-09 16:43
Հասարակություն

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովն ընդունել է բանաձև

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովն ընդունել է բանաձև

Համահայկական կրթական 7-րդ  խորհրդաժողովն ավարտել է իր աշխատանքները: Խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվել է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների ընթացքում: Համաձայն բանաձևի` խորհրդաժողովին բարձրացված հիմնախնդիրների լուծման նպատակով ներկայացվել են մի շարք առաջարկություններ, մասնավորապես, մշակել Սփյուռքի ուսուցիչների հավաստագրման, մանկավարժական գործունեության մշտադիտարկման, ատեստավորման մեխանիզմներ, շարունակել Սփյուռքի մանկավարժների ամենամյա վերապատրաստումը Հայաստանում և համայնքներում (ինչպես առկա, այնպես էլ հեռավար)` արդիականացնելով դասընթացների ծրագրերը, բովանդակությունն ու կազմակերպման ձևերը:

Առաջարկություն է հնչել հետամուտ լինել Հայաստանի կողմից տրվող կրթական փաստաթղթերի, կոչումների և վկայականների միջազգային ճանաչմանը, ինչպես նաև տեղական մակարդակով ուսուցիչների վերապատրաստման, որակավորման բարելավման կամ լրացուցիչ մասնագիտացման նպատակով օգտագործել տվյալ երկրի բարձրագույն կրթական հաստատությունների հնարավորությունները: Բացի այդ, համաձայն բանաձևի` առաջարկվել է Սփյուռքի մեկօրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար մշակել հայագիտական առարկաների քննությունների կազմակերպման եղանակներ,  ուսումնասիրություններ իրականացնել Սփյուռքի սովորողների և ուսուցիչների շրջանում և դրանց արդյունքների հիման վրա մշակել հոգեբանական աջակցության  և վերականգնողական աշխատանքների ծրագիր:

Ըստ մեկ այլ առաջարկի` նախատեսվում է մեկօրյա դպրոցներում աշակերտների ուսւմնական պարապմունքներին զուգահեռ դասընթացներ կազմակերպել  ծնողների համար՝ հաշվի առնելով նրանց ճանաչողական, կրթական և այլ պահանջմունքները, ինչպես նաև վերաիմաստավորել  մեկօրյա  դպրոցների դերը՝ որպես խնդիր դիտելով ոչ միայն սովորողներին գրաճանաչ դարձնելը, այլև անձի բազմակողմանի զարգացումը: Համաձայն բանաձևի  հաջորդ կետի` առաջարկ է հնչել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սփյուռքահայ ուսուցիչների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել համապատասխան որակավորմամբ մագիստրոսական կրթություն ստանալու համար: ՀՀ կառավարության կողմից մշակութային մասնագիտություններով անվճար ուսուցման տեղեր տրամադրել սփյուռքահայերին,  ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կից ստեղծել Սփյուռքի դպրոցների կրթական խնդիրներով զբաղվող գիտամեթոդական հանձնաժողով, որը կիրականացնի դասագրքերի, ուսումնական և մեթոդական այլ նյութերի փորձաքննություն, գործածության երաշխավորում:

Բացի այդ` առաջարկվել է նպաստել ուսումնական նյութերի էլեկտրոնային պաշարների միասնական շտեմարանի հարստացմանը, ապահովել Հայաստանում հրատարակվող  գրականության մասին տեղեկատվության տարածումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակներում նկարչության ուսուցիչ չունեցող դպրոցների  սաների համար իրականացնել առցանց դասեր: Բանաձևի եզրափակիչ մասում առաջարկ է հնչել արտասահմանյան բուհերում հայոց լեզու ուսումնասիրող ուսանողների համար ստեղծել Հայաստանում մասնագիտական գիտելիքների ընդլայնման, ինչպես նաև ընդհանուր ճանաչողական ծրագրեր, քայլեր ձեռնարկել տարիքային խմբերի աշակերտների համար առցանց տարաբնույթ մրցույթներ կազմակերպելու ուղղությամբ, և վերջապես, նպաստել Հայաստանի հայագետների աշխատանքների օտար լեզուներով հրատարակմանը՝ արտասահմանյան երկրների և Հայաստանի հայագետների համագործակցությունն ամրապնդելու նպատակով: