կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 15:10
Տարածաշրջան

Թուրքիայի պետական բոլոր գերատեսչություններում պաշտոնանկությունների ալիք է սկսվել

Թուրքիայի պետական բոլոր գերատեսչություններում պաշտոնանկությունների ալիք է սկսվել

Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են պետական ապարատը Ֆեթուլլահ Գյուլենի համախոհներից զտելու գործընթացը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման փորձի մեջ մեղադրել է ամերիկաբնակ թուրք իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին:

Աշխատանքից ազատումներն ընդգրկել են գրեթե բոլոր գերատեսչությունները: Թուրքական «Yeniakit» լրատվական կայքի տեղեկացմամբ` կրթության նախարարությունում աշխատանքից հեռացվել է 15.200 աշխատակից: Նրանց նկատմամբ նաև հետաքննություն է սկսվել: Չեղարկվել է 21 հազար ուսուցչի արտոնագիր: Գերագույն կրթական խորհուրդը 1.577 դեկանից հրաժարական է պահանջել, նրանցից 1176 աշխատում է պետական համալսարաններում: Պաշտոնանկ է արվել «Մելիքշահ» համալսարանի ռոկտորը:

Կառավարության աշխատակազմից հեռացվել է 265 աշխատակից: Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը աշխատանքից հեռացրել է 150 աշխատակցի:

Կառավարությանը կից կրոնական հարցերով վարչության կենտրոնական, մարզային և արտասահմանյան կառույցներից հեռացվել է 492 հոգի, որոնց թվում են նահանգային 3 մուֆթի, 1 գրասենյակի ղեկավար, խորհրդական: Ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարությունից աշխատանքից ազատվել է 393 հոգի: Զարգացման նախարարությունից հեռացվել է 16 հոգի, Էներգետիկայի նախարարությունից՝ 300 հոգի: Խորհրդարանի աշխատակազմի լիազորությունները դադարեցվել են:

Բերման է ենթարկվել 2.327 զինվոր և ոստիկան, 229 դատավոր և դատախազ: Նրանցից 437 հոգու, այդ թվում դատավորներ, դատախազներ, գեներալներ, ծովակալներ, սպաներ, զինվորներ և ոստիկաններ, «զինված ահաբեկչական խմբավորում հիմնելու», «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» և «հեղաշրջման փորձ անելու» մեղադրանքներով կալանավորվել են: